Իլոն Մասկը հայտնվել է Anonymous-ի հաքերների թիրախում կրիպտոարժույթի փոխարժեքի վրա ունեցած ազդեցության պատճառով: «Մասկի թվիթերը ցույց է տալիս «նրա բացահայտ արհամարհանքը միջին աշխատող մարդու նկատմամբ»,- կարծում են ցանցահենները:
Նրանք հայտարարել են, որ Մասկը ծաղրում է աշխատասեր մարդկանց, որոնց «երազները փլչում են Մասկի հրապարակային հիստերիայի պատճառով»: «Դուք հանդիպել եք արժանի հակառակորդի: Մենք Anonymous-ն ենք, մենք լեգեոն ենք, մենք գալիս ենք»,- ասել են ցանցահենները: Այս մասին տեղեկացնում է tjournal.ru-ն:
Նրանք Մասկին մեղադրել են նաև կեղծ բարեպաշտության համար, հաքերները համոզված են, որ նա իրականում չի ցանկանում բարելավել աշխարհի էկոլոգիան: Ըստ խմբի՝ Tesla-ի ղեկավարը «փորձում է երկակի խաղ խաղալ»:
«Աշխարհը փրկելու ձեր ձգտումն ավելի շատ կապված է գերազանցության և Փրկչի բարդույթի, քան մարդկության համար իրական մտահոգության հետ»,- ասել է Anonymous-ը:
Մայիսին Tesla-ն հրաժարվեց բիթքոիններ ընդունել էլեկտրական մեքենաների վճարի համար, ինչի պատճառով կրիպտոարժույթի արժեքն ընկավ 20%-ով: Չնայած հանգամանքին, որ Իլոն Մասկը հավաստիացրեց, թե Tesla-ն բիթքոին չի վաճառում, կրիպտոներդրողների համայնքը վրդովվեց և գործարարին մեղադրեց շուկայի շահարկման համար: