Հաջորդ շաբաթ Ժնևում սպասվում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպումը, որից առաջ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններ հաստատելու, եթե Մոսկվան փոխի իր գործողությունների կուրսը, գրում է РИА Новости-ն:
Նա չի բացառել, որ երկու երկրի ղեկավարների առաջին հանդիպումից հետո հարաբերություններում որոշակիություն կլինի, բայց կտրուկ փոփոխությունը բացառել է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ The Washington Post-ի հոդվածում նշել էր, որ Վաշինգտոնը հակամարտություն չի փնտրում Մոսկվայի հետ, ընդհակառակը՝ ցանկանում է կայուն հարաբերություններ, բայց պատրաստ է արձագանքելու եվրոպական անվտանգության ենթադրյալ մարտահրավերներին:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Բայդենի հետ հանդիպմանը փորձ կարվի գտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման միջոցներ: Նրա խոսքով՝ պետք է շոշափվեն ռազմավարական կայունության, ամենաթեժ կետերում միջազգային հակամարտությունների կարգավորման, զինաթափման գործընթացների, ահաբեկչության և համաճարակների դեմ պայքարի թեմաները:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ գագաթնաժողովից որևէ բեկում չի ակնկալում: «Այն փաստը, որ հանդիպելու ենք, խոսելու ենք երկկողմ հարաբերությունների վերականգնման հնարավորությունների, երկուստեք հետաքրքրող հարցերի մասին, ինքնին վատ չէ»,- հավելել է Պուտինը:
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից և Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո: Բացի այդ, Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Մոսկվային ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու և հաքերային հարձակումների համար: Դա հանգեցրեց բազմաթիվ հակառուսական պատժամիջոցների, որին հաջորդեցին պատասխան քայլեր Կրեմլից: