2020 թվականի հուլիսից մինչև օրս 207 շահառու օգտվել է երեք և ավելի երեխա ունենալու պետական աջակցության ծրագրից: Միայն այս ծրագրով տրամադրվել է մոտ 376 մլն դրամ: Սոցապնախարարությունն ամփոփել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական) - 2021 թվականին կտրուկ աճել է դիմողների թիվը: Եթե խոսենք թվերով՝ 20 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ աջակցություն ստացել էր 414 շահառու, իսկ 21 թվականի հունիսի 7-ի դրությամբ՝ 1043 շահառու:
Գայանե Ղարագյոզյանի խոսքով՝ շահառուներից 197-ը ստացել են միանվագ դրամական աջակցություն, 184-ն օգտվել են կանխավճարի ապահովագրության, 662-ն էլ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրերից: Ընդ որում՝ տրամադրված 762 միլիոնից 424 միլիոնը հատկացվել է 2021-ին: Մարզային բնակավայրերում անշարժ գույք գնելու կամ անհատական բնակարան կառուցելու համար պետությունը տրամադրում է աջակցություն՝ կանխավճարի տեսքով: Շահառուների առումով Երևանից դուրս ակտիվ են Կոտայքը, Լոռին ու Արարատը:
Գայանե Ղարագյոզյան - Երկու երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է անշարժ գույքի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ, և եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելանում է ևս 30 տոկոսով, ապա երեք և հաջորդ երեխաների դեպքում աջակցությունն ավելանում է ևս 5 տոկոս, բայց ոչ ավեիլ, քան 500.000 դրամ:
Ղարագյոզյանը հիշեցնում է՝ մեկ երեխա ունեցողները կարող են օգտվել միայն բնակարանի կանխավճարի ապահովագրության ծրագրից: Բայց դա չի նշանակում, որ հետագայում հնարավոր չէ մյուս ծրագրերի համար դիմել: Այն շահառուները, որոնք մինչև 30 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք ձեռք են բերում կանխավճարի ապահովագրության ծրագրով, պետությունը սուբսիդավորում է տարեկան ապահովագրավճարի 90 տոկոսը: Եթե ընտանիքն ունի հիփոթեք, իսկ երեխա՝ դեռ ոչ, կարող է աջակցություն ստանալ միայն՝ վարկի 12-ամսյա վճարումից հետո՝ երեխայի ծնվելու դեպքում:
Գայանե Ղարագյոզյան - Մենք փոփոխություն ենք առաջարկել, որ ոչ թե երեխայի ծնված հաջորդ ամսվա 1-ի դրությամբ շահառուն ունենա 12 ամիս, այլ դիմելու օրվա դրությամբ: Այսինքն՝ եթե երեխան ծնվեց հաջորդ ամսվա 1-ի դրությամբ, շահառուն չունի 12 ամիս մարում, ինքը կսպասի, իր 12 ամիսը կլրանա, բայց՝ մինչև երեխայի 1 տարեկան լրանալը: Հետո կդիմի և կստանա աջակցությունը:
Պետական մեկ այլ ծրագրով էլ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան աջակցության առավելագույն հատկացումը կես միլիոն դրամ է, երրորդ և հաջորդ երեխայի համար՝ 2 մլն: Մինչև 25 տարեկան ծնողներն առաջին և երկրորդ երեխայի դեպքում ստանում են առավելագույնը 1.5 մլն դրամ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդի դեպքում՝ 4 մլն: Ղարագյոզյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են փոփոխություն անել և 4 մլն դրամ տրամադրել երեք և ավելի երեխա ունեցող 25-ի փոխարեն մինչև 30 տարեկան շահառուներին: