2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 696 զանգ:
Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է հրդեհի մասին դեպքերը: Ստացված 9 կանչից 8-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկը՝ տրանսպորտում: Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել: Գրանցված դեպքերից ոչ ոք չի տուժել: Հրդեհավտանգ շրջանում ԱԻ պետական ծառայությունը բնակչությանը զգոնության կոչ է անում:
Օձի հայտնաբերման վերաբերյալ ծառայության ահազանգման կենտրոնում ստացվել է 7 կանչ, որից 5-ի դեպքում սողունները հայտնվել են բնակելի տներում, 2-ը՝ այգիներում: Փրկարարները սողուններին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածքներ:
Շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության Ասկերանի և Մարտակերտի շրջանային բաժինների հրշեջ փրկարարները խմելու և առօրյա օգտագործման նպատակով ջուր են մատակարարել Ասկերան քաղաքի, Խնապատ և Սառնաղբյուր համայնքների բնակիչներին, Մարտակերտ քաղաքի և Ծաղկաշեն գյուղի բնակիչներին: Ծառայության տնօրենի հանձանարարությամբ ջրամատակարարման աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ՝ մինչև բնակավայրերը վերջնականապես կջրաֆիկացվեն:
Ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ ծառայության սակրավորները գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքները:
Անցած շաբաթվա ընթացքում Արցախի տարածքից հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 69 ռումբ, ձեռքի 7 նռնակ, գնդիկաբեկորային 12 ավիառումբ:
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է մեկ ելք:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են՝ տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից: