Հայաստանում իշխանություն դառնալու հայտ ներկայացրած «Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը մեկնարկեց Ծիծեռնակաբերդից: Տեղը խորհրդանշական են համարում՝ ազատականների մի քանի սերունդ հենց այստեղ է երդվել կյանքը նվիրել Հայաստանի անկախության գաղափարին:
Պարույր Հայրիկյան («Ազատ Հայրենիք» դաշինքի անդամ) - Հաջողությունը կարող է ուղեկցել մեզ համազգային համախմբմամբ: Մեր դաշինքում ընդգրկված կուսակցություններն ակնկալում են այսօր ընտրություններից դուրս մնացած և, ընդհանրապես, ազգի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիների աջակցությունը:
Դաշինքում 5 կուսակցություն է, ընտրաթերթիկում 13-րդ համարն են: Վարչապետի թեկնածուն «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյան է, ներկայացնում է դաշինքի ծրագիրը՝ անվտանգության վերականգնում, անկախ արտաքին քաղաքանություն, Արցախի ճանաչում:
Անդրիաս Ղուկասյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» դաշինք) -
Տնտեսության կայուն զարգացում, բացարձակ ժողովրդավարության հաստատում, համայն հայության ուժերի համախմբում, հոգևոր անվտանգության ապահովում, հարկային բեռի նվազեցում, ժամանակակից ու արդյունավետ կրթության ներդրում ու գիտության զարգացում, բոլորի համար հասանելի առողջապահական համակարգի ներդրում:
Ծրագրում ամփոփված է այն տեսլականը, որն «Ազատ Հայաստանի» համար տեսնում են դաշինքի անդամները: Վստահ են՝ ներուժ ունեն իրականացնելու այս գաղափարները:
Հայաստանի Կանաչների կուսակցությունն էլ կարևորում է մտավորականների դերը:
Գևորգ Արզումանյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» դաշինք) - 88 թվականի շարժումը բերեց նոր ավյուն, մտավորականներ մտան շարժման մեջ, փորձեցին նոր շարժում սկսել, գլխավորել: Կարծես թե հաջողվեց՝ և՛ հաղթեցին, և՛ հիմքեր դրվեց պետականության:
Արշակ Սադոյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» դաշինք) - Այս երկրում էլ չի լինի կեղծիք ու խաբեություն, եթե մենք գանք իշխանության, դրա համար մեր կարգախոսի առաջին խոսքը ազնվությունն է:
13-րդ քվեաթերթիկը լինելու է բեկումնային որոշում. եթե քաղաքացիները դեմ են Արցախի հայաթափմանը, ուրեմն ձայնը պետք է իրենց ուժին տան՝ հայտարարեցին դաշինքի անդամները:
Խաչիկ Մանուկյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» դաշինք) - Ես այստեղ եմ, որովհետև այստեղ է հաղթությունը, որովհետև այստեղ է այն ուժը, որը կարող է մահաբեր թմբիրից դուրս բերել մեր ժողովրդին:
«Ազատ Հայրենիք» դաշիքի անդամները ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ. քարոզարշավը կշարունակեն մարզերում: