Այսօր ամենամեծ մարտահրավերը երկրի արտաքին անվտանգության ապահովումն է, և դրա լուծման համար «Քաղաքացիական պայմանագիրը» մի քանի գործիք է առաջարկում: Կուսակցության վարչապետի թեկնածուն այս հարցում շեշտը դնում է դիվանագիտության ու Զինված ուժերի բարեփոխումների վրա: Ներկայացնելով ՔՊ-ի նախընտական ծրագիրը՝ Փաշինյանն այս համատեքստում կարևորում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, շեշտում՝ այն տարբերվում է պայմանագրային բանակից:
Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումից բացի, ըստ Փաշինյանի, արտաքին անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կատարումը: Եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ տարածաշրջանային կոմունիկացիների ապաշրջափակումը, մտահոգությունների տեղիք է տվել՝ նկատում է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրում է՝ Կառավարությունը միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկելու:
Նախընտրական ծրագրում, ըստ Փաշինյանի, ներկայացված է նաև իր գլխավորած կառավարության՝ նախորդ 3 տարվա աշխատանքը: Խոսելով սոցիալ-տնտեսական վիճակից՝ վարչապետի պաշտոնակատարը նախ կանգ առավ, իր բնորոշմամբ, ամենակարևոր ու ամենաարագ կայացված որոշումներից մեկի՝ եկամտահարկի, նաև շահութահարկի դրույքաչափերի փոփոխության վրա: Եկամտահարկը համահարթեցվեց, և 2023-ին այն կկազմի 20 տոկոս, նվազեցվեց նաև շահութահարկը՝ դառնալով 18 տոկոս: Փաշինյանը վստահ է՝ այս որոշումների դրական արդյուքն արդեն տեսանելի է:
Այս ապրիլին, 2018-ի նույն ամսվա հետ համեմատ, գրանցված աշխատատեղերը 85 հազարով ավելի են՝ ասում է Փաշինյանը, գնահատում՝ գործատուն այլևս աշխատատեղը չի թաքցնում, աշխատավարձի մի մասն էլ ծրարով չի վճարում: Հարկային ոլորտում իրականացված բարեփոխումներն էլ վարչապետի պաշտոնակատարը հեղափոխական է որակում, հպարտությամբ շեշտում, որ Կառավարությունն ամբողջությամբ մարել է 2018-ի դրությամբ բիզնեսին ունեցած մոտ 270 միլիարդ դրամի պարտքը, իսկ ԱԱՀ-ի վերադարձը դարձել է ամենամսյա:
Հարկային ոլորտի բարեփոխումներից վարչապետի պաշտոնակատարն առանձնացրեց նաև գույքահարկի մասին նոր օրենքը: Այն որակելով պետականաստեղծ՝ Փաշինյանն ասաց՝ այն հիմնված է սոցիալական արդարության վրա է, քանի որ այլևս ոչ մի գույք հարկից ազատված չի լինելու, իսկ Երևանի կենտրոնում միլիոնավոր դոլարի արժեքով գույք ունեցողները կոպեկներ չեն վճարելու: Գույքահարկի բարեփոխումը, նրա խոսքով, Կառավարությանը հնարավորություն է տալու հեղափոխական փոփոխություն իրականացնել ամենակարևոր՝ կրթության ոլորտում:
Կրթությունը պետք է սկսվի մսուրից, ու մինչև 2025 թվականը բոլոր երեխաները պետք է հնարավորություն ունենան օգտվել դրանից՝ շեշտում է Փաշինյանը: Նա բացատրում է՝ գույքահարկի օրենքն այս խնդիրը կլուծի առաջին հերթին գյուղերում, քանի որ համայնքների բյուջեն գոյանում է այդ հարկատեսակից, իսկ մանկապարտեզների գործունեությունը ֆինանսավորելու համար գյուղական բնակավայրերում շատ հաճախ միջոցները չեն բավարարում: Ըստ Փաշինյանի՝ արժանավայել պետք է լինի նաև նախակրթարանի դաստիարակների աշխատավարձը:
Աճել է նաև գիտության ֆինանսավորումը, ու մինչև 2025-ը 4 անգամ կավելանա գիտաշխատողների ու գիտական ղեկավարի աշխատավարձը: Խնդիրները քիչ չեն նաև բուհական համակարգում ու, Փաշինյանի խոսքով, այսօր Հայաստանում չկա անգամ մի բուհ, որի շենքային ենթակառուցվածքները համապատասխանեն միջազգային ստանդարտներին: Այստեղ վարչապետի պաշտոնակատարը խոսեց ակադեմիական քաղաք ունենալու տեսլականի մասին:
Փաշինյանի խոսքով՝ վերջին երեք տարում շուրջ 80 տոկոսով ավելացել է նաև առողջապահության ֆինանսավորումը: Ոլորտից խոսելով՝ հիշեց Աբովյանի դիահերձարանի միջադեպը: Վարչապետի պաշտոնակատարի բնորոշմամբ՝ մինչև 2018 թվականը դատաբժշկական կենտրոններում եղել է ընդամենը 25 կիսախարխուլ սառանարային սենյակ, որոնց մի մասն էլ չի աշխատել: Նրա խոսքով՝ մինչև 2018 թվականը երկիրը չի ունեցել նաև ԴՆԹ հետազոտություն կատարող սարք:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երբ 2018-ին ստանձնել է պաշտոնը, իր համար ակնհայտ էր, որ ամեն րոպե պետք է պատրաստ լինել պատերազմի: Նրա խոսքով՝ 2019-ին աշխատավարձերի աննախադեպ բարձրացում են արել Զինված ուժերում, նաև զենքի ձեռքբերման առումով ռեկորդային ցուցանիշներ են գրանցել:
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը գլխավորող Փաշինյանը ելույթն ավարտեց 1999-ի օգոստոսին Մեղրի այցելած Վազգեն Սարգսյանի խոսքերով՝ «Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»: