Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման հակառակորդները պետք է թույլ տան ընկերության աշխատակիցներին մուտք գործել իրենց աշխատատեղեր՝ հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը:
«Ինձ անհանգստացնում է այն, թե արդյոք բողոքի հետ կապված որևէ խտրականությո՞ւն կա։ Ես նկատի ունեմ ընկերության ծագումը: Եթե խտրականությունն այդ ընկերության նկատմամբ իրականացվում է այն պատճառով, որ այն թուրքական է, ես անպայման կբողոքարկեմ և կպահանջեմ վրացի ժողովրդի աջակցությունը։ Ես դիմում եմ բողոքի ակցիայի մասնակիցներին: Այո, նրանք իրավունք ունեն բողոքելու, բայց այդ իրավունքը ենթադրում է նաև պատասխանատվություն, ուստի նրանք չպետք է սպառնան թուրք կամ վրացի աշխատակիցներին։ Վերջիններս պետք է աշխատավայր մուտք ունենան»,- հայտարարել է Թուրքիայի դեսպանը։
Արդեն գրեթե կես տարի է Վրաստանի արևմուտքում գտնվող Ռիոնի գետի մոտ վրաններ են տեղադրված։ Այստեղ շուրջօրյա հերթապահում են անկախության հռչակումից հետո երկրի պատմության մեջ խոշորագույն էներգետիկ նախագծի՝ «Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդները։
Տեղի բնակիչներն ու բնապահպանները մտավախություն ունեն, որ այն սպառնում է բնությանը և կարող է վնասել Տվիշայի տեղական գինու արտադրությանը, սակայն իշխանությունները պնդում են, որ հիդրոէլեկտրակայանը կօգնի ապահովել Վրաստանի էներգետիկ անվտանգությունը:
«Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդները վստահ են, որ նախագծի իրականացումը ոչ միայն կհանգեցնի մի քանի գյուղի անհետացման, այլ նաև վտանգավոր կդառնա ամբողջ կիրճի, նրա բնակչության ու բնության համար: