Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատ քաղաքի մի բնակիչ Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփ ու փամփուշտներ:
Վայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Զառիթափ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփեր ու փամփուշտներ։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ մի տղամարդ զանգել էր բաժին ու հայտնել, որ ցանկանում է «Կալաշնիկովի» ինքնաձիգ հանձնել և հայտնել էր, թե որտեղ է թողել հրազենը։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Պահունակով հրազենն ու փամփուշտները բաժին էր բերել Բյուրական գյուղի մի բնակիչ։
Ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ արձանագրվել են պայթուցիչով նռնակների, տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների, ինչպես և ինքնաձիգի պահունակի հանձնման դեպքեր։
Ատրճանակների հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Մարտունու և Ճամբարակի բաժիններում։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Կապանի բաժնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: