Մայրաքաղաքում գրանցվել է 253 վրաերթ, 11-ը՝ մահվան ելքով, 155-ը վիրավոր է: Սրանք այս տարվա առաջին 5 ամսվա տվյալներն են: Նախորդ տարվա ընթացքում վրաերթի 490 դեպք էր գրանցվել, 34-ը՝ մահվան արձանագրմամբ, 487 քաղաքացի՝ տարբեր աստիճանի վնասվածքներով: Ստացվում է, որ նախորդի համեմատ այս տարի վրաերթի մոտ 100 ավելի դեպք է գրանցվել: Վիճակագրությունն ավելի մեծ էր 2018-ին. 694 վրաերթ, 41 մահ, 738 վիրավոր, իսկ, օրինակ, 2015-ին, չնայած վրաերթերն ավելի քիչ էին, մահվան դեպքերը գրեթե կրկնապատկվել էին՝ հասնելով 70-ի:
Խնդիր, որ տարիներ շարունակ երկրում չի լուծվում: «Ովքե՞ր են մեղավորները» հարցը պատասխանի պակաս կարծես չունի: Վարորդները վստահ են՝ մեղավոր են անկարգապահ հետիոտները, հետիոտներն էլ հակադարձում են՝ անուշադիր ու արագությունը գերազանցող վարորդների մեջ մեղավորներին պետք է փնտրել:
Իսկ արդյոք մայրաքաղաքում հետիոտնային անցումները հարմարեցված են փողոցներին, բողոքի մյուս պատճառն այստեղ է. վերգետնյա և ստորգետնյա անցումներն անհարմար են, որոշ փողոցներում երկար պետք է քայլել անցման կետ հասնելու համար՝ պնդում են քաղաքացիները:
Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի հետ մոտ մեկ ժամ շրջայցը ամբողջացրեց պատկերը: Կենտրոնից մի փոքր հեռանում ես, ու հետիոտնային անցում, կանաչ լույս, կարգապահությու՞ն. չեն տեսել, չեն լսել, բայց խոսում են:
Անդրանիկ Իսախանյանի կարծիքով՝ վրաերթերի հիմնական պատճառը ոչ թե օրենքում բացթողումներն են, այլ վարորդ-հետիոտն փոխադարձ անուշադրությունը, որն էլ հանգեցնում է բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարների:
Անդրանիկ Իսախանյան (ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ) - ՀՀ-ում գործող ճանապարհային երթևեկության կանոններով հստակ սահմանված են և՛ վարորդի, և՛ ուղևորի, և՛ հետիոտնի իրավունքներն ու պարտականությունները: Դրանք թերի կատարելու հետևանքով է, որ ունենում ենք ՃՏՊ-ներ:
Իսախանյանն ասում է, որ շատ դեպքերում անգամ անցումը, լուսացույցը երաշխիք չեն, որ քաղաքացին ճանապարհն առանց խոչընդոտի կանցնի. վարորդն էլ զիջելու, ճանապարհ տալու նշանները հաշվի կառնի:
Անդրանիկ Իսախանյան - Օրինակ բերեմ դեպք, որ վրաերթը տեղի է ունեցել հետիոտնային անցումի վրա, բայց կարմիր է միացրած եղել:
Մեր հարցմանը մասնակցած վարորդների մի զգալի հատվածը պնդում է՝ պետք է հետիոտնի ոչ նախատեսված վայրով ճանապարհը հատելու դեպքում պատիժը խստացնել, իսկ վրաերթի ենթարկողի հանդեպ մեղմ պատիժ սահմանել: Վստահ են՝ դա կօգնի հետիոտնին ավելի կարգապահ դառնալ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկն էլ մեքենաների մեծաթիվ հոսքն է համարվում: Հետիոտների ու վարորդների կարծիքերը միայն մի տեղ են համընկնում. ոտքը արգելակին պահելու, հետիոտնին զիջելու և փողոցը օրինական հատելու համար նախատեսված դեղին գծանշումներից քաղաքի շատ փողոցներում միայն հուշեր են մնացել: