Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպես և երբ է Լեռնային Ղարաբաղը դուրս թողնվել բանակցային գործընթացից:
«Հիմա ֆունդամենտալ հարցը, որ կա մարդկանց մեջ, բոլորիս մեջ, հետևյալն է՝ ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի հարցի հետ և ինչու: Ուզում եմ արձանագրել հետևյալը՝ որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին եռակողմ հանդիպումը՝ Հայաստան, ԼՂՀ, Ադրբեջան, տեղի է ունեցել 1997 թ. ապրիլին Մոսկվայում: Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիրը իր մայրաքաղաքում ընդունում է պատվիրակություն, որի կազմում ԼՂ ներկայացուցիչ է: Սա, ըստ էության, Ղարաբաղի միջազգային ճանաչման անկյունաքարն է հնարավորության: 1998 թ. հետո՝ Քոչարյանի ընտրվելուց հետո, ոչ մի այդպիսի հանդիպում չի լինում»,- շեշտեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 1998-ին Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ, իսկ 1999-ին ի հայտ է գալիս Մեղրիի տարբերակը:
«Ի հայտ է գալիս տարբերակ, որ Ղարաբաղի հարցը եկեք լուծենք հետևյալ տրամաբանության մեջ՝ Մեղրին տանք, Ղարաբաղը վերցնենք»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց 2 տարվա ընթացքում Քոչարյանը Ադրբեջանի բոլոր ակնկալիքները բավարարել է:
«Հիմա հարց. ինչո՞ւ է այս ամենն արել Ռոբերտ Քոչարյանը: Պատճառ պե՞տք է լինի, թե՞ ոչ: Շատ պարզ պատճառ կա, որովհետև 1998 թ. ապօրինի է ընտրվել ՀՀ նախագահ: Քոչարյանը նախագահի թեկնածու առաջադրվելու համար կեղծ տեղեկանք է ներկայացրել ոստիկանություն, որ ինքը վերջին 10 տարում ապրել է Երևանում: Որովհետև այդ տեղեկանքը պարտադիր էր նախագահի թեկնածու գրանցվելու համար: Սա շատերը չգիտեն: Ի միջի այլոց, այդ տեղեկանքը ժամանակին հրապարակվել է:
Ի միջի այլոց, 1998-ի նախագահական ընտրությունները կեղծվել են: Ես հիշում եմ Սևանի ավազանում երբ հանդիպումներ էի ունենում, ամենատպավորիչ պատկերն է, որ մնացել է այդ ընտրություններից: Սևանի ժողովրդից ասում էին, որ նախագահական ընտրությունների հաջորդ օրը Սևանի մակերեսի վրա հազարավոր քվեաթերթիկներ են եղել Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած: 1998-ի հիմնական պայքարը եղել է Կարեն Դեմիրճյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Կեղծվել է այդ ընտրությունը, և իմացել են մարդիկ:
Եվ էս ամեն ինչն արվել է իշխանությունը լեգիտիմացնելու համար: Հայաստանում լեգիտիմություն չի ունեցել, գնացել, դրսից էս բաները պարտադրվել են՝ ի փոխանակություն իշխանության: Սա ակնհայտ փաստ է»,- ասաց Փաշինյանը: