Նիկոլ Փաշինյանն աբովյանցիների հետ հանդիպումն սկսեց Արցախյան առաջին պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները վերլուծելով: Այդ պատերազմի ամենակարևոր քաղաքական արդյունքը եղավ այն, որ զինադադարի փաստաթուղթը ստրագրվեց եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի մասնակցությամբ: Հետագայում բանակցությունները շարունակվեցին եռակողմ ձևաչափով՝ Արցախի լրարժեք ներգրավմամբ:
Փաշինյանի խոսքով՝ 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ, հենց նրա որոշմամբ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ 1999-ին ի հայտ է գալիս Մեղրիի տարբերակը, որի տրամաբանությունը պետք է լիներ հետևյալը՝ տալ Մեղրին, վերցնել Ղարաբաղը: Այս տարբերակով փաստաթուղթը հայտնվում է բանակցային սեղանին:
Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ, ըստ Փաշինյանի, փորձում համոզել գործընկերներին: Հետո Վազգեն Սարգսյանը գնում է Մեղրի և հայտարարում, որ Մեղրին սոսկ հայրենիքի մի կտոր չէ, այն աշխարհը մեր դուռը բերողն է:
Փաշինյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության առաջին տարիներին բավարարել է Ադրբեջանի բոլոր ակնկալիքները: Նրա կարծիքով՝ Քոչարյանը լեգիտիմություն չի ունեցել և այդ ամենն արվել է իշխանությունը լեգիտիմացնելու համար:
2007-ին արդեն շրջանառության մեջ են դրվում Մադրիդյան սկզբունքները, որոնց հիմքում 7 շրջանների վերադարձն էր Ադրբեջանին, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը: Կար նաև կետ, որ մինչև վերջնական որոշումը Ղարաաբաղը պետք է ստանար միջանկյալ կարգավիճակ: 2011 թվականին արդեն Մադրիդյան սկզբունքների վրա ձևավորված փաստաթուղթը Կազանում Ադրբեջանը հրաժարովում է ստորագրել: Այս ամենին հետևում է շփման գծում աստիճանաբար աճող լարվածությունը, և արդեն 2016-ի հունվարին ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները ներկայացնում են պահանջ, որ հայկական կողմը պետք է հրաժարվի միջանկյալ կարգավիճակից:
Բայց Ադրբեջանը հրաժարվում է որևէ կարգավիճակ քննարկել և, Փաշինյանի խոսքով, ստացվում է 7 շրջանների անվերապահ վերադարձ՝ առանց կարգավիճակի հեռանկարի: Ի վերջո, Սերժ Սարգսյանը 2018 ապրիլին հայտարարում է, որ բանակցային գործընթացը կանգնած է:
Փաշինյանը շեշտեց՝ Ղարաբաղի հարցով այսպիսի ժառանգություն են ստացել, այդ պատճառով է ինքն ասել՝ բանակցությունները պետք է սկսի նոր կետից: Վարչապետի պաշտոնակատարը հակադարձեց նաև Օնիկ Գասպարյանի՝ Ղազախ գյուղերի հետ կապված հայտարարությանը՝ նշելով, որ Գլխավոր շտաբի նախկին պետը հերքում է տասը մարդու ներկայությամբ ասվածը: Փաշինյանը նաև հայտարարեց, որ Գասպարյանը դեռ պետք է պատասխան տա Շուշիի օպերացիայի համար:
Ամեն ինչ բացահայտելու համար Փաշինյանն ակնկալում է քաղաքացիների քվեների 60 տոկոսը: Նաև հարց ուղղեց, թե որտե՞ղ է եղել Ռոբերտ քոչարյանի տղան պատերազմի օրերին:
Աբովյանցիների հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն ավարտեց երթով: