Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կմեկնարկի հայ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող 17-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ:
Մարտին Թովմասյան, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն - Մրցույթի մասնակիցները հայտեր էին ներկայացրել աշխարհի գրեթե 4 ծայրերից: Նախընտրական փուլը հաղթահարեց 20 մասնակից:
Ժյուրիի կազմը գլխավորելու է Հայաստանի ազգային հերոս, ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:
Հովհաննես Չեքիջյան, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար - Արամ Խաչատրյանի ստեղծածն անմահ է, ամեն մի նոտան անմահություն է, և եթե կարողանանք մենք այդ նոտայի չափ կյանք ունենալ, ուրեմն կլինենք հավերժական:
Մրցութային փուլերի ընթացքում դիրիժորները, ի թիվս այլ գործերի, կներկայացնեն նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:
Հարոլդ Քլարկսոն, IMG Artist ընկերության փոխնախագահ - Խաչատրյանի երաժշտական արվեստի մասին խոսելիս առանձնահատուկ պետք է խոսել թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտ-ռապսոդիայի մասին, որն ամենանշանակալի գործերից մեկն է և ինտենսիվ տարածվում է ամբողջ աշխարհում:
Տիգրան Մանսուրյանը մրցույթի համար նոր ստեղծագործություն է գրել: Մաեստրոն նշում է, որ հետխաչատրյանական շրջանում գրված բոլոր գործերն առնչվում են Խաչատրյանի կոմպոզիցիոն մտածողությանը, և իր այս աշխատանքը հանրահռչակման համեստ մասնակցություն է միայն:
Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր - Ունենք 2 խոշոր անուն. Կոմիտաս, որ եղավ երգեցողական արվեստի գագաթ՝ մեներգերի և խմբերգերի հետ և ունենք գործիքային նվագախմբային գագաթ, որ եղավ Արամ Խաչատրյանը:
Միջազգային երաժշտական այս ստուգատեսի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև առավել ընդլայնել Խաչատրյանի տաղանդը գնահատողների աշխարհագրությունը: