«Հիմա մեր պատասխանատվությունն ավելի մեծ է, քան 2018 թվականին, որովհետև 2018-ին ուրիշ իրավիճակ էր, ըստ էության, ամբողջ Հայաստանը մեր դիրքորոշումը պաշտպանում էր, բայց այսօր մեր կողքին կանգնած ամեն մարդու դիրքորոշում մեզ համար տասնապատիկ ավելի մեծ պարտավորություն է, որովհետև մենք չունենք ոչ մի իրավունք որևէ հարցում ընդհանրապես սխալվելու»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը:
Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին վստահության համար:
«Ես ձեզնից յուրաքանչյուրի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ ընտանիքի որևէ անդամի առաջ, մեր յուրաքանչյուր նահատակի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ որդու առաջ: ՀՀ բոլոր երեխաների առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ Արփիի առաջ, բայց ես հասկանում եմ, որ պարտավորություններ կատարելը հեշտ չէ միայն սիրով ու ցանկությամբ, մեզնից պահանջվում են գերմարդկային ջանքեր և ընդունակություններ:
Եվ մենք այսօր եկել ենք ասելու, որ այդ ջանքերը գործադրելու ենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս հանդիպումները պետք են առաջին հերթին իր թիմին՝ ստանալու այդ մանդատը, ուժը, էներգիան:
«Այո՛, նոր թեմա է եկել, որ ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը և պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը»,- հավելեց Փաշինյանը: