«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց անցած երեք տարիների և ապագա անելիքների մասին:
Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման գործում Կառավարության իրականացրած քայլերը, նշեց՝ ամենաբարդ և կարևոր հարցերից մեկը որոշումների ընդունման և դրանք արագ իրագործելու հարցն է:
«Կան բառակապակցություններ, որ ես շատ մեծ հաճույքով և շատ մեծ վստահությամբ կօգտագործեի, եթե չլիներ պատերազմը, եթե չլինեին մեր կորուստները, եթե մենք մտքով ամեն րոպե չլինեինք սահմանին, անվտանգային հարցերը ամեն վայրկյան մեր մտքում չլինեին, բայց ես կարծում եմ, որ կարևոր է նաև որոշ արձանագրումներ անելը: Մենք 2018-ին խոստացել էինք, որ ՀՀ-ն պետք է դարձնենք դրախտ բիզնեսի համար: Ես կարող եմ ասել, որ այո՛, այսօր Հայաստանի Հանրապետությունը դրախտ է բիզնեսի համար, որովհետև ՀՀ-ում մենաշնորհներ չկան, ՀՀ-ում ՊԵԿ-ի ուժային հարկադրանք չկա: Երկար տարիներ մենք զարգացրել ենք այն տրամաբանությունը, որ ՊԵԿ-ը պետք է լինի գործընկեր բիզնեսի համար և ոչ թե պատժիչ իրավապահ համակարգ. այսօր դա իրողություն է»,- ասաց Փաշինյանը:
Հարկային ոլորտում հաջորդ բարեփոխումը, ըստ Փաշինյանի, այն է որ ՀՀ-ում ընդունվել է գույքահարկի մասին նոր համակարգ, ինչը «պետականաստեղծ հարկային բարեփոխում է»:
«Հատկապես հարկային ոլորտում մենք վերջին 3 տարվա ընթացքում իսկապես հեղափոխական նշանակության փոփոխություններ ենք արել: 2018-ի դրությամբ ՀՀ կառավարությունը բիզնեսին ունեցել է շուրջ 270 մլրդ-ի պարտք, այդ պարտքերը տարբեր հոդվածներով են ձևավորվել՝ ԱԱՀ, որը պիտի վերադարձվեր, բայց ժամանակին չէր վերադարձվել, անցումային գերավճար, բայց մենք 3 տարվա ընթացքում այդ պարտքը, ըստ էության, հասցրել ենք զրոյական վիճակի»,- ասաց նա:
Փաշինյանը նաև անդրադարձավ կրթական ոլորտի բարեփոխումներին:
«Մեր մեծագույն պարտությունը երրորդ հանրապետության պատմության, որն անխուսափելիորեն պետք է արտահայտվեր բոլոր ոլորտներում, այն է, որ 2018-ի դրությամբ Հայաստանի մինչև 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է եղել, հասկանո՞ւմ եք՝ կարդալ չգիտի մեր 10 տարեկան երեխաների 30 տոկոսը: Սա մեծագույն պարտությունն է մեր»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ բոլոր երեխաները մինչև 2025 թ. իրենց կրթությունն սկսելու են մսուրից:
Հաջորդ կարևորագույն խնդիրը, որ լուծել և լուծում է Կառավարությունը, Փաշինյանի խոսքով, հետևյալն է, որ ոչ միայն կարևոր է մանկապարտեզ ունենալը, այլև այն, թե ինչ են ուսուցանելու երեխային մանկապարտեզում:
«Մենք էսօր գալիս ենք և հստակ ասում ենք՝ ՀՀ-ում մանկապարտեզի կառուցման գործընթացում չպետք է լինի «փող չկա» արտահայտություն: Եթե անհրաժեշտություն լինի, մենք պետական պարտքը կավելացնենք, և ՀՀ-ում համատարած մանկապարտեզաշինություն և դպրոցաշինություն կիրականացվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: