«Ամենակարևոր խնդիրը և մարտահրավերը մեր արտաքին անվտանգության ապահովումն է: Մենք պետք է արձանագրենք, որ մեր արտաքին անվտանգության ապահովումն իսկապես ամենամեծ մարտահրավերն է, որ պետք է կարողանանք հասցեագրել: Եվ այդ խնդրի լուծման մի քանի գործիք պետք է կիրառենք՝ առաջինը՝ մեր դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, երկրորդը՝ մեր զինված ուժերի, բանակի բարեփոխումները՝ Հայաստանում ստեղծելով իրոք պրոֆեսիոնալ բանակ: Ես խնդրում եմ՝ պրոֆեսիոնալ բանակը չշփոթել պայմանագրային բանակի հետ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ:
Նա շեշտեց, որ գնալու են զինվորի մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու ճանապարհով:
«Մենք գնալու ենք այս ճանապարհով: Սա մի ծրագիր է, որը շատ բարդ է, բայց մյուս կողմից՝ ծրագիր է, որը շատ մանրամասն պետք չէ հրապարակային քննարկել: Ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչը, ինչքան էլ այլ կերպ է հնչում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերն իրենց ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարեն: ՀՀ-ն մինչև այս պահն իրականացրել է իր ստանձնած պարտավորությունները և կառուցողական աշխատում է այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման կետին՝ Փաշինյանն արձանագրեց. «ՀՀ կառավարությունը միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում նոյեմբերի 9-ի հայտարարության տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը վերաբերող դրույթը, կարդացեք հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարությունը, որովհետև այդ հայտարարության մեջ ճշգրիտ գրանցված է, թե ինչ է նշանակում այդ կետը»: