«Հունիսի 4-ին Աստղաձոր համայնքի արևմտյան եզրին տեղադրվել է Պահապան խաչ, որն ունի 15 մետր բարձրություն և վեր է խոյանում պատմական հնավայր հանդիսացող վաղմիջնադարյան խաչքարերի դաշտում»՝ Ֆեյսբուքում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Պահապան Խաչը օրհնվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի ձեռամբ: Օրհնության կարգից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը ոգեկոչման խոսքեր հնչեցրեց.
«Այսօր մենք կանգնեցնում ենք Պահապան խաչը Հայաստան աշխարհի մի հինավուրց բնակավայրում, որտեղ չքնաղ բնությանը միաձուլված են պատմության վեհաշուք կոթողները։ Այս խաչը բարձրացվում է ի բարօրություն Հայոց աշխարհի, ի հիշատակ մեր հերոս նահատակների, նաև ի փառս այն տղաների, ովքեր վերապրեցին Արցախյան վերջին պատերազմը և այժմ ապրում են մեր կողքին»։
Պահապան խաչը տեղադրվել է մի այնպիսի վայրում, որտեղ մի կողմից գյուղը պահպանող բարձունքն է` բնության հրաշալի տեսարանով, մյուս կողմից էլ միջնադարյան տարբեր դարաշրջանների վեհաշուք խաչքարերն են: Այս խաչքարերը փաստում են, որ հայ ժողովուրդն այստեղ ապրել ու արարել է շատ դարեր առաջ և այստեղ կապրի, կարարի ու կլինի հավերժ։ Փառք մեր նահատակված հերոսներին, փառք նաև այն տղաներին, ովքեր հրաշքով ողջ մնացին պատերազմի դաշտում ու իրենց հերոսական մաքառումով փրկեցին մեր հայրենիքը։
Թող այս խաչը պահապան լինի Հայոց աշխարհին, ապավեն լինի մեր երազանքներին ու նպատակներին։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչել այս նախաձեռնությունը»,- ասված է Գնել Սանոսյանի գրառման մեջ: