Վերջին զանգի միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին, թույլ չտալ մեքենա վարել:
Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։
Չնայած ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին ու զգուշացումներին՝ այդուհանդերձ, եղան ծնողներ, որոնք թույլ տվեցին, որ իրենց անչափահաս զավակները մեքենա վարեն։
Հունիսի 4-ի ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ էին։