Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախի Հանրապետություն հայրապետական այցի երկրորդ օրը սկսվել է Արցախի Պաշտպանության բանակի N զորամաս այցելությամբ։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ ժամանելով զորամաս՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքներն է բերել հրամանատարական, սպայական կազմերին և այս առիթով հավաքված զինվորներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոնարհումն է բերել հանուն Արցախի անկախության և Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարած քաջարի զինվորականներին և իրենց կյանքն ի սեր հայրենյաց զոհաբերած հերոսների հիշատակի առջև՝ ընդգծելով, որ վճարված այդ թանկ գինը երբեք չպիտի մոռացվի, այլ պետք է դառնա մի նոր ուխտ Արցախի անկախ պետականության պաշտպանության և զորացման։
«Դժվարին ժամանակներ է ապրում համայն հայությունը։ Արցախի դեմ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ սանձազերծված Ադրբեջանի 44-օրյա պատերազմն իր հետևանքներով, պատճառված վնասներով ու ահռելի կորուստներով դեռ երկար ժամանակ ցավի ու տրտմության մեջ պիտի պահի մեզ, քանի դեռ չենք կարողացել գործուն միջոցներով հաղթահարել առկա ծանր իրավիճակը և փարատել ապագայի հանդեպ անորոշության զգացումը։ Առկա խնդիրներն ու մարտահրավերները մեր կյանքի իրենց լուծումները պիտի ստանան, երբ անխտիր ամենքս հետևություններ կատարենք ողբերգական այս կացության պատճառների վերաբերյալ»,- ասել է Հայոց Հայրապետը։
«Հայոց Բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի, ձեր ընտանիքների ու սիրելիների անվտանգության ու երջանկության, ամեն ազգայինի հարատևության»,- իր խոսքում մասնավորապես ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ՊԲ հրամանատարներին և ներկա ողջ զինվորականությանը։