Վիրահատական սեղանին 7 տարեկան Վահեն է: Մեր նախորդ ռեպորտաժներից կհիշեք նրան: Վթարի հետևանքով մարմնի 80 տոկոսը այրված, ծայրահեղ ծանր վիճակում էր տղան հիվանդանոց տեղափոխվել:
Սրանք կադրեր են ռեպորտաժից, որում պատմել ենք, թե ինչպես է մեկ տարի անց վերջապես Վահեն քայլում, բայց ինքնուրույն ուտել, խոսել այդ ժամանակ դեռ չէր կարողանում: 15 վիրահատություն տարած փոքրիկը սպասում էր հաջորդ՝ շնչափողի և կերակրափողի վիրահատությանը, որպեսզի սնունդը ոչ թե խողովակների միջոցով ստանար, այլ բերանով: Երեկ վերջապես կատարվել է վիրահատությունը՝ Ռուսաստանի գլխավոր մանկական վիրաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Ռազումովսկու օգնությամբ և մասնակցությամբ:
Նիկոլայ Դալլաքյան («Սուրբ Աստվածամայր» բկ տնօրեն) - Առաջին անգամ է Հայաստանում կատարվել նման ծավալի վիրահատություն՝ երեխայի շնչափողի և կերակրափողի ռեզեկցիա, չնայած Հայաստանում մանկական թորակալ վիրաբուժական բաժանմունք ունենք: Բազմաթիվ ծանր վիրահատություններ կատարվում են, բայց այս մեկը բացառիկ էր իր ծանրությամբ:
Երեխային առայժմ միացված է արհեստական շնչառության սարք, հետվիրահատական փուլն, ըստ մասնագետների, ընթանում է սպասված հունով: Ռազումովսկուց բացի Երևանում են նաև թորակալ վիրաբուժության ոլորտից Ռուսաստանից այլ անվանի պրոֆեսորներ:
Երևանում այսօր տեղի ունեցավ թորակալ վիրաբուժության հայ-ռուսական առաջին կրթական սիմպոզիումը:
Շահեն Դանիելյան (կրծքային վիրաբույժ, սիմպոզիումի կազմակերպիչ) - Թորական վիրաբուժության հիմնական մասը ուռուցքաբանությունն է, դա թոքի քաղցկեղն է, կերակրափողի քաղցկեղը: Այսօր մեր ծրագիրը ոչ միայն քաղցկեղի մասին է, այլև ընդհանուր թորակալ վիրաբուժության խնդիրները, թոքի սկրինինգի, քովիդով ասոցացված թոքի խնդիրներ պետք է քննարկենք:
Պարզվում է՝ բազմաթիվ են եղել մարդիկ, որոնք քովիդով պայմանավորված՝ հետազոտվել են, և պարզվել է, որ թոքի քաղցկեղ ունեն: Հետևաբար, ասում է նախարարի խորհրդականը, Հայաստանում թոքի սքրինինգը, այսինքն՝ կանխարգելիչ անվճար հետազոտությունները, խիստ անհրաժեշտ են, ցանկալի է՝ պարտադիր դառնան:
Հայկուհի Գեոկչյան (ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդական) - Թոքի քաղցկեղը Հայաստանում գտնվում է առաջին տեղում, և մահացությամբ էլ մենք առաջին տեղում ենք: Թոքի սքրինինգը չնայած ԱՀԿ-ն չի ընդունում, սակայն և՛ ԱՄՆ-ը, և՛ Կանադան անհրաժեշտ են համարում սա, որովհետև հիվանդությունը հայտնաբերվում է առաջին փուլում, է հնարավոր է լինում բուժել:
Հայ և ռուս ռադիոլոգները, վիրաբույժները ներկայացնում էին ախտորոշման նոր մոտեցումներ, բուժման նոր ուղիներ, քննարկում փոքր միջամտություններով՝ թոքի մեծ ծավալի վիրահատություններ:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Փոփոխությունները, զարգացումը այնքան արագ են տեղի ունենում, որ մասնագետների միջև փորձի փոխանակումը շատ կարևոր է:
Հայ և ռուս մասնագետներն այսօր փաստաթղթով են ամրագրում Ռուսաստանի թոքաբանության ազգային ինստիտուտի հետ գործակցությունը: Առաջիկայում հուշագիր կստորագրվի նաև Ֆրանսիայի ուռուցքաբանության ոլորտը ներկայացնող կազմակերպություններից մեկի հետ: