Ֆեյսբուքում և Ինստագրամում հրապարակված հայերեն բովանդակությամբ նյութերն հետայսու կստուգվեն: Վրացական FactCheck Georgia-ն, որը հավաստագրված է Փաստերի ստուգման միջազգային ցանցի կողմից, երկու ամիս կգործակցի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ՝ ապատեղեկատվությունը սոցցանցերում բացառելու նպատակով:
Գեղամ Վարդանյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր) - Սոցիալական ցանցերը հստակ գործիք են քաղաքական պայքարի համար: Մարդիկ միշտ բողոքում են կեղծ լուրերից, սխալ տեղեկություններից, մանիպուլյացիաներից, և, միջավայրը, որտեղ տարածվում են այդ կեղծ լուրերը, դրանք սոցիալական ցանցերն են:
Նախընտրական շրջանում սոցիալական ցանցերի դերն էլ ավելի է աճում, այս ժամանակահատվածում ապատեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել իրական ռիսկերի:
Գեղամ Վարդանյան - Հոդվածները, որոնք հրապարակվելու են, ունենալու են վճիռներ՝ «ճիշտ է», «մասամբ ճիշտ է», «մանիպուլատիվ է», «նկարը ճիշտ է», «տեքստը սխալ է»: Ֆեյսբուքն ունի իր ստանդարտները, և այդ տեքստերին համապատասխան Ֆեյսբուքում կատարվելու են գործողություններ:
Երբ փաստերը ստուգողը տեղեկատվությունը որակում է որպես կեղծ, Ֆեյսբուքը նախազգուշական նշան է կցում բովանդակությանը՝ նվազեցնելով դրա տարածումը:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Ամբողջությամբ կեղծիքի դեմ պայքարել ոչ ոքի չի հաջողվել, խոսքը գնում է ինչ-որ չափով նվազեցնելու մասին: Սա նաև գործիք է ադրբեջանական պետական ապատեղեկատվության տարածման դեմ, որ իրենք հաճախ անում են հայերեն:
Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ կօգնեն մարդկանց չխաբվել և, ի վերջո, տարբերակել կեղծ տեղեկությունը իրականից:
Հեղինակ՝ Արմինե Թովմասյան