Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ, հանդիպել հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևայի հետ:
Հիմնադրամի նպատակը նորարարական մոտեցումների ներդրումն է կրթական համակարգում։ Այն երկու բուհերի՝ Միջազգային բիզնեսի համալսարանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարանի համահիմնադիրներից է։ Հիմնադրամի ղեկավարությամբ ստեղծվել և գործում են նորարարական նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններ։
Հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևան նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, իրականացվող աշխատանքներն ու միջազգային համագործակցությանն ուղղված ծրագրերը։ Նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի ղեկավարը քննարկել են կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնադրամի կողմից Հայաստանում մանկական կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Նախագահ Սարգսյանն այցելել է նաև հիմնադրամում գործող՝ Նուրսուլթան Նազարբաևին նվիրված թանգարան, դիտել երկրի առաջին նախագահի գործունեությանը և Ղազախստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձին նվիրված ցուցադրությունները, գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։