Հայաստանի հարավում վերջին դասն է: Սյունիքի մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1183 շրջանավարտ: Ու մինչև կհնչեր վերջին զանգը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հետևում է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի հիմնանորոգմանը: Վահրամ Դումանյանի հավաստմամբ՝ արդեն սեպտեմբերին աշակերտները կգնան եվրոպական չափանիշներին համապատասխանող դպրոց, որի հիմնանոնորգման ծախսը կազմում է ավելի քան 980 մլն դրամ:
Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար - Ֆինանսավորումը կատարվել է, կատարվում է համաշխարհային բանկի միջոցներից 80 տոկոս, 20 տոկոսն էլ կառավարության ներդրումն է: Հուսով ենք, որ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին արդեն աշակերտները մուտք կգործեն լավ վերանորոգված, հրաշալի դպրոց:
Դպրոցը երեքի փոխարեն չորս մասնաշենք կունենա, նաև ռոբատաշինության լաբորատորիա, հանդիսությունների դահլիճ, ընդարձակ գրադարան ու բուֆետ-ճաշարան: Շենքային պայմանները հարմարեցված կլինեն նաև հենաշարժողական խնդրիներ ունեցող աշակերտների համար:
Նորիկ Դավթյան, շինարար - Հիմա ներքին հարդարման աշխատանքներն ենք կատարում առաջին, երկրորդ մասնաշենքերում, պատրաստ են 80-90 տոկոսով:
ԿԳՄՍ Սյունիքի մարզային վարչության պետի խոսքով՝ դպրոցը հիմնովին վերանորոգելուց հետո նոր ուսումնականում 760-ի փոխարեն կընդունի մինչև 1100 աշակերտ:
Մերի Գանդալյան, Սյունիք մարզի ԿԳՄՍ վարչության պետ - Աշխատանքներն ընթացքի մեջ են, դպրոցը հիմանորոգվելուց հետո կստանա նոր լիցենզիա, որի հիմքով էլ կձևավորվի նրա հզորությունը, այսինքն՝ կունենա աշակերտներ թվաքանակով լիցենզավորված դպրոց:
«Կրթությունը լուսավոր ապագա կառուցելու լավագույն հիմքն է՝ Գորիսի 4-րդ, 6-րդ դպրոցներում շրջանավարտներին շնորհավորեց նախարարի պաշտոնակատարը: Վահրամ Դումանյանն այցելեց նաև Գորիսի պետական համալսարան, հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ:
Վերջին փորձը՝ վերջին դասից առաջ: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում օրն սպասված ու տոնական է: Սա առաջին ու վերջին անկրկնելի պարն է դասընկերոջ հետ: Սյուզաննան, Նարեկը, Հրաչն ու մյուսներն աշակերտ են վերջին անգամ: Թե ում ավելի շատ կկարոտեն, տղաներն ավելի անկեղծ են պատասխանում.
Նարեկ Կարագոզյան, Մեծ Մասրիկի դպրոցի շրջանավարտ - Առաջինն ընկերներիս կկարոտեմ, դասարանցիներիս կկարոտեմ, երկրորդը՝ իմ դասարանը, նոր երևի արդեն ուսուցիչներին: Դասղեկիս հաճախ կտեսնեմ, դրա համար չեմ հասցնի կարոտել:
Իսկ դասղեկը Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է: Ընկեր Սարդարյանն ասում է՝ դժվար էր 12 տարին 45 րոպեում ամփոփել, բայց սիրով է արել, ավանդական տարբերակից հրաժարվել ու միջոցառումը դրսում կազմակերպել: Ու այսօր ոչ թե բեմը, այլ ծառերն է զարդարել, աղջիկներին էլ միանման՝ սիրուն-սիրուն հագցրել:
Մետաքսյա Սաղաթելյան, Մեծ Մասրիկի դպրոցի ուսուցչուհի - 17 աշակերտ ենք այսօր ճանապարհում նոր կյանք: Բնականաբար, հուզմունք, տագնապը շատ ավելին են: Բոլորին հաջողություն, բարի երթ, բարի ճանապարհ և, վերջապես, ինչ ուղի էլ ընտրեն, ինչպիսի մասնագետ էլ դառնան, ամենակարևորը՝ լինեն ՀՀ պատվախնդիր, արժանապատիվ քաղաքացիներ:
Սրբուհի Ջնդոյան, Մեծ Մասրիկի դպրոցի շրջանավարտ - Երբեք չենք մոռանա վերջին օրը, թե ինչեր ենք անցկացրել իրար հետ, այն գեղեցիկ պահերը, թե՛ լավ, թե՛ վատ օրերը:
Մեծ Մասրիկի Սողոմոն Թեհլերյանի անունը կրող դպրոց եկած ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հորդորը շրջանավարտներին մեկն է՝ չդադարել կրթվել: Իր պատկերացրած երազանքների դպրոցում ցանկությունն է, որ բոլոր երեխաները որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունենան:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Մենք, առաջին հերթին, կարիք ունենք ուշադրություն դարձնել մեր գյուղական դպրոցներին, սահմանամերձ համայնքներին, և սա շարունակական քաղաքականություն պետք է լինի: Սեպտեմբերից սկսած՝ միջնակարգ դպրոցները նույնպես հնարավորություն կունենան հոսքային ուսուցման անցնել, և դրանով փորձում ենք ապահովել կրթություն ստանալու հավասար ահնարավորություններ:
2021-ին Հայաստանում դպրոցական նստարանին հրաժեշտ է տվել մոտ 21 000 աշակերտ: Նախորդ տարվա համեմատ՝ շրջանավարտների թիվն աճել է շուրջ 2000-ով: