Սույն թվականի հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ Կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ:
Նշենք, որ իր հերթին ՀՀ Կառավարությունը սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:
Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն՝ միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ:
Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է, և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել: