Իրանագիտական գիտաժողով՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր և առաջին հոգևոր առաջնորդ այաթոլլա Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիին:
Կազմակերպիչը Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտն ու Հայաստանում Իրանի դեսպանությունն են: Քննարկման թեմաներ՝ Արցախյան վերջին պատերազմից հետո հայ-իրանական հարաբերություններից մինչև Ադրբեջանում սկիզբ առած իրանաֆոբիան:
Արևելագետ Արտյոմ Տոնոյանի բնորոշմամբ՝ ադրբեջանցիների ինքնության մի կարևոր բաղադրիչը հակաիրանականությունն է, որի վառ վկայություններից մեկն Ադրբեջանում Իմամ Խոմեյնիի անվան հիմնադրամի փակումն էր, առավել թարմ օրինակները պատերազմի ընթացքում ու դրանից հետո են:
Վերջերս Իրան-Ադրբեջան հարաբերությունները լարվեցին, երբ համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում, ըստ ադրբեջանական կողմի, իրանական բեռնատարները մտնում էին Արցախ:
Արտյոմ Տոնոյան (արևելագետ) - Սա բավական մեծ արձագանք գտավ հասարակական մակարդակում, նաև պաշտոնական մակարդակում արտգործնախարարություն հրավիրվեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը՝ մեկնաբանություն տալու համար, և որոշակի լարվածություն առաջացավ, անգամ այդ իրադարձությանը հաջորդեց Իրանի դեսպանատան կողմից Փոլադ Հաշիմովի ընտանիքի կողմից տրված մեդալի հետ վերադարձը:
Իհարկե, չնշվեց պատճառը՝ որն էր, բայց, ամենայն հավանականությամբ, կապված էր հենց այդ միջադեպի հետ: