Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Այժմ Անկարան պաշտոնական հայտարարություն է պատրաստում, տեղեկացնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության փոխանցմամբ՝ նոր «Ամասրա-1» հանքավայրում, ըստ նախնական տվյալների, կան գազի զգալի պաշարներ:
Անցած տարի թուրք հետազոտողները «Թունա -1» հորում 405 մլրդ խորանարդ մետր գազ են հայտնաբերել, ինչը Սև ծովում երբևէ ամենամեծ բացահայտումն էր, և այդ ժամանակ ասում էին, որ հումքի արտահանումը կարող է սկսվել մինչև 2023 թվականը:
«Իշխանությունները Սև ծովում հայտնաբերված նոր հանքավայրերից ոչ մեկում աուդիտ չեն անցկացրել»,- գրում է Bloomberg-ը: Ըստ լուրերիч Tpao պետական նավթային ընկերությունը ծրագրում է ինքնուրույն զարգացնել հանքը և չի ուզում դիմել արտաքին ֆինանսավորման:
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունն առայժմ չի մեկնաբանել տեղեկությունը։ Բայց նախագահ Էրդողանը օրերս խոստացել էր ուրբաթ Սև ծովի ափերից «բարի լուր» ավետել։ Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում սկսեցին լուրեր շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է նավթագազային նոր պաշարների հայտնաբերմանը:
Սև ծովում գազի պաշարների վերաբերյալ նախորդ հայտարարությունները խթանել են թուրքական ակտիվները՝ պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր: Էրդողանն ու իր կառավարությունն այսօր պայքարում են ժողովրդականության անկման դեմ, որի պատճառը համավարակի սահմանափակումների ժամանակ արձանագրված գործազրկության աճն է:
Ակնկալվում է, որ պաշարները թույլ կտան Թուրքիային ավելի էժան գազ ներմուծել և էներգիայի տարեկան միջին հաշիվը կրճատել 44 մլրդ դոլարով: