Եվրամիությունը շաբաթ երեկոյան ամբողջովին կփակի իր օդային տարածքը բելառուսական ավիացիայի համար: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Ըստ որոշման՝ բելառուսական ավիաընկերությունների ինքնաթիռները չեն կարողանա թռչել ԵՄ անդամ պետությունների օդային տարածքով և վայրէջք կատարել եվրոպական օդանավակայաններում:
Իր հերթին, ԵՄ ավիաընկերություններին կարգելվի թռչել Բելառուսի օդային տարածքով: Մինչև ԵՄ-Բելառուս հարաբերությունների սրվելը, Եվրամիությունից և Մեծ Բրիտանիայից ամեն օր մոտ հարյուր ինքնաթիռ էր թռչում Բելառուսի օդային տարածքով:
Այս որոշմամբ Եվրամիությունն արձագանքել է Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair օդանավի Մինսկ հարկադիր վայրէջքին: Օդանավակայանում Բելառուսի անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ինքնաթիռում գտնվող Nexta տեղեկատվական նախագծի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչին և իր ընկերուհուն: Իրավապաշտպանները և Պրոտասևիչի գործընկերներն ասել են, որ նրան սպառնում է մահապատիժ: Լրագրողը պաշտոնապես մեղադրվել է անկարգություններ կազմակերպելու, «հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններին» մասնակցելու և ատելություն սերմանելու համար: