Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար բանակցությունները շարունակվում են ամենաբարձր մակարդակով: Այս մասին լրագրողներին հայտնեց բյուջեի կատարողականի քննարկման համար խորհրդարան եկած կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ մոսկովյան վերջին բանակցությունները եղել են բովանդակալից և հստակ շեշտադրումներով:
Արսեն Թորոսյան, Կառավարության աշխատակազմի ղեկավար - Բանակցությունները շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծման, որի մասին բազմիցս խոսել ենք. ադրբեջանական զինված միավորումները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության, ինչպես նաև մեր զինված ուժերի աշխատանքի արդյունքում:
Հունիսի 2-ին հայնտի դարձավ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Մոսկվայում եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել: Եթե այդ օրը բովանդակային քննարկում է եղել, այդ դեպքում ինչո՞ւ չկա ձեռքբերում հարցին ի պատասխան Թորոսյանն ասաց՝ ժամանակ է պետք գնահատելու համար՝ արդյունք կա՞, թե ոչ:
Անցած շաբաթ սահմանին իրավիճակը հանգուցալուծելու առաջարկ էր արել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ըստ այդմ՝ երկու կողմի զորքերը միաժամանակ պետք է հետ քաշվեին, սահմանին տեղակայվեին միջազգային դիտորդներ, ապա սկսվեր սահմանների ճշգրտման գործընթաց:
Խորհրդարանում էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը; Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրապայքարին մասնակցելու համար գրանցված 22 կուսակցության և 4 դաշինքի որոշ թեկնածուներից ԿԸՀ-ն արդեն ինքնաբացարկի դիմումներ է ստացել: Մուկուչյանը հիշեցրեց՝ դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ, այսինքն՝ մինչև հունիսի 10-ը:
Մոտ 70 միլիոն քվեաթերթիկ է տպագրվելու՝ արտահերթ ընտրությանը 26 ուժերի մասնակցության դեպքում, ծախսը կկազմի շուրջ 460 մլն դրամ: Հանձնաժողովին տրվող բյուջեի 80 տոկոսը, ըստ Մուկուչյանի, կծախսվի աշխատավարձերի վրա, ինչպես լինում է սովորաբար: