Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմից Հայաստանին տրամադրվող օժանդակության փաթեթը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հայ համայնքի և հայկական հարցերով զբաղվող օրենսդիրների շրջանակներում: Նոր փաթեթով ժողովրդավարության և շուկայական տնտեսության զարգացման համար նախատեսվում է 23.405.000 մլն դոլար, թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ մարմիններին աջակցության շրջանակներում՝ մոտ 6.050.000 դոլար, իսկ ռազմական կրթության և վերապատրաստումների համար օգնությունը 600.000 դոլար է: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները պնդում են՝ գումարի չափը պետք է վերանայել, քանի որ այն բավարար չէ հետպատերազմյան Հայաստանին:
Արմեն Սահակյան (Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն) - 90-ականներից սկսած՝ Հայաստանի անկախությունից ի վեր, ԱՄՆ-ն ամենամյա օժանդակություն է տրամադրում Հայաստանին, և այս վերջին 30 տարիների ընթացքում երևի ավելի քան 2 մլրդի ֆինանսական օժանդակություն է եկել Միացյալ Նահանգներից՝ տարատեսակ ծրագրեր իրականացնելու նպատակով: Իհարկե, 90-ականների սկզբի և վերջին տարիների օժանդակության թվերը բավականին տարբերվում են՝ հաշվի առնելով երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը:
Տասնյակ օրենսդիրներից կազմված Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներն առաջարկել էին Հայաստանին տրամադրել 100 մլն դոլարի օժանդակություն: Չստանալով ակնկալվող առաջարկը՝ կոնգրեսականները նամակ են հղել նախագահի վարչակազմին և մի շարք գերատեսչությունների՝ պահանջելով ուղղել սխալը:
Արմեն Սահակյան - Վերջին հաշվով Կոնգրեսն է, որ այս բոլոր հարցերի պատասխանը պետք է տա օրենքի տեսքով:
Բայդենի վարչակազմին ուղղված բողոքների հիմքը ոչ միայն չարդարացված ֆինանսական ակնկալիքներն են, այլև Միացյալ Նահանգներից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության խախտված հարաբերակցությունը:
Արմեն Սահակյան - 2001 թվականից սկսած է, որ Ամերիկան պահպանում էր այդ բալանսը Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող՝ մասնավորապես, ռազմական օժանդակության առումով, ինչը, ցավոք, վերջին 2-3 տարիներին խարխլվել է: Այսինքն՝ Թրամփի վարչակազմից սկսած՝ ԱՄՆ-ն արդեն ավելի շատ օժանդակություն էր սկսել տրամադրել Ադրբեջանին:
Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին՝ 2017-2020 թթ., ԱՄՆ-ն Ադրբեջանին տրամադրել է մոտ 106 մլն դոլարի ռազմական օգնություն, իսկ Հայաստանին՝ շուրջ 16 մլն: Արմեն Սահակյանը շեշտեց, որ թեպետ Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունն օգտագործվել է այլ ուղղություններով, միևնույն է, այն Բաքվին հնարավորություն է տվել հավելյալ միջոցներ ներգրավել Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ագրեսիա նախապատրաստելու համար: ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմն արդեն հայտարարել է, որ մտադիր է շրջանցել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, որը նախատեսում է սահմանափակումներ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հարցում: Նման որոշումը հարուցել է հայ համայնքի դժգոհությունը, քանի որ այն կրկին կարող է խախտել երկու երկրներին տրամադրվող ռազմական աջակցության հավասարակշռությունը: Այժմ Բայդենի վարչակազմից պահանջը մեկն է՝ պահպանել հավասարակշռությունը և չշրջանցել 907 բանաձևը, որով արգելվում է Ադրբեջանին տրամադրել որևէ օգնություն, քանի դեռ այն շարունակում է ցուցաբերել ագրեսիվ վարքագիծ Հայաստանի ու Արցախի նկատմամբ: