Բաքվում ընթացող դատավարությունները ֆարս են և, չնայած այս հանգամանքին, մեր զինծառայողներն ունեն ռազմագերու կարգավիճակ և դրանից բխող բոլոր իրավունքներից պետք է օգտվեն: Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորը շեշտել է՝ Ադրբեջանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ընդամենը մի բանով է տարբերվում:
Վլադիմիր Վարդանյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Որ, ցավոք, ճանաչված է և հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ՝ դեռ, այ սրա վրա է պետք աշխատել:
Հայ գերիների թեման բարձրացրեց նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հիշեցրեց՝ 6 օր առաջ Հայաստանի գլխավոր շտաբից հայտարարել էին, որ Ադրբեջանին մեկ ժամ են տալիս վերջերս գերեվարված մեր զինծառայողներին վերադարձնելու համար, սակայն այդ հայտարարությունն այդպես էլ արդյունք չունեցավ:
Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր - Մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված: Մոսկվայից վերադարձած պատվիրակությունը, որը պետք է բանակցեր սահմանային միջադեպերի և վերջին միջադեպերի վերաբերյալ, ըստ էության՝ վերադարձել է ձեռնունայն, որովհետև տարածեցին լղոզված մի հայտարարություն:
«Իմ քայլից» Բաբկեն Թունյանն էլ անդրադարձավ ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ պարգևավճարներին: Ըստ Թունյանի՝ ներկայացված թվերը, թե պետական պաշտոնյաները 2020-ին ստացել են մոտ 120 մլն դոլարի պարգևավճար, սուտ է։ Պատգամավորը մանրամասնեց, որ մեկ աշխատողի հաշվով դիտարկելիս կարելի է համոզվել, որ յուրաքանչյուր պետական ծառայող ամսական միջինը 90 հազար դրամ պարգևավճար է ստացել, եթե հարկերը հանվեն՝ մոտ 70 հազար դրամ:
Բաբկեն Թունյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Ընդ որում՝ այս գումարը բաժանվել է ոչ թե պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այլ 20 հազար պետական ծառայողների:
«Իմ քայլը» խմբակցությունից հեռացած պատգամավոր Աննա Գրիգորյանը, որն այժմ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում է, մեկնաբանեց, թե ինչու է երկրորդ նախագահը մերժում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ բանավեճին մասնակցելուց:
Աննա Գրիգորյան, ՀՀ ԱԺ պատգամավոր - Ասում եք, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի գալիս բանավեճի: Ո՞ւմ հետ բանավիճի, մի իշխանության, որի օրոք հանձնվել է 70 տոկոս Արցախը, մի իշխանության, ում կառավարման արդյունքում ունեցել ենք 5000 զոհ, 10 000 վիրավոր:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ բանավեճի չեն գալիս ինչ-որ մեկի հետ խոսելու համար, բանավեճի նպատակը քաղաքացիների հետ խոսելն է:
Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ - Բայց այստեղ էլ խնդիր կա: Այդ մարդը հայերեն գրել չգիտի, ոչ խոսել գիտի, ոչ գրել: Ո՞նց է այդ մարդը գալու բանավեճի: 99-ին Ստամբուլում Քոչարյանն ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմի մեջ:
Խորհրդարանի երրորդ ուժի ղեկավարը ևս չշրջանցեց բանավեճի թեման: Ըստ Մարուքյանի՝ մինչև երկու կողմը շարունակում է ներքաղաքական հակամարտությունը, այդ ընթացքում հակառակորդը մտել է Հայաստանի տարածք:
Էդմոն Մարուքյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Դուք շարունակելու եք ձեր հաշիվները պարզել միմյանց հետ, ձեր հին ու նոր հարցերը, բայց մենք ժամանակ չունենք, մեր երկիրը ռեսուրս չունի: Ճոխություն է իրար միս ուտելը: Եթե այդ ճոխությունը մեզ կարող էինք թույլ տալ մինչև սեպտեմբերի 27-ը, ապա դրանից հետո չենք կարող: Եվ ես մտածում եմ՝ հունիսի 21-ից հետո պետք է այլ իրավիճակ ունենանք:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ դեմ չեն համախմբան և համերաշխության առաջարկին, Մակունցը հիշեցրեց՝ հենց այս նպատակով է իշխանությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնել, ընդգծեց՝ պատերազմից հետո իշխանությունը յոթ ամիս լռել է ոչ թե այն պատճառով, որ ասելիք չկար, այլ մտորելու, հասկանալու, վերլուծելու և առաջիկա քայլերը մշակելու անհրաժեշտություն էր առաջացել:
Լիլիթ Մակունց, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար - Վերջին յոթ ամսում այնպիսի մթնոլորտ է գեներացվում, որ դրանց չանդրադառնալն անհնար է: Սադիզմի յուրահատուկ դրսևորում է զոհերի թիվն ավելացնելը: Սադիզմի յուրահատուկ դրսևորում է զինվորների աճյունների մասին խոսել այնպիսի ձևակերպումներով, որ ուղղակի անհասկանալի է, և րոպե անգամ չմտածել՝ հարազատներն ինչ են զգում այն պահին, երբ իրենք քաղաքական նպատակներով անում են որոշ արտահայտություններ: Սադիզմի դրսևորում է չգնահատելը, որ մեր սպաները կենաց մահու կռիվ են տվել, պայքարել են մինչև վերջ և դա որակում են որպես հողերի հանձնում: Այդ ովքե՞ր են բանակցություններ վարել և Հայաստանը, ի վերջո, հասցրել այն հանգրվանին, որին կանգնեց սեպտեմբերի 27-ին:
Քաղաքական ելույթներին, կոչերին ու հայտարարություններին զուգահեռ խորհրդարանն այսօր Տաթևիկ Բարսեղյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցած 74 պատգամավորից կողմ քվեարկեց 66-ը, դեմ՝ 8-ը: