Հունիսի 4-ին արտահերթ նիստ գումարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները: Հեղինակը բարձրաձայնեց իր կողմից առաջարկվող փոփոխությունների մասին: Առաջարկվում է` առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրելու դեպքում տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ու մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով առնվազն երեսուն կրեդիտ հավաքած անձը:
«Դասընթացը կարող է կազմակերպվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, երաշխավորված կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիազորված մարմնի հաստատած կրթական ծրագրով, մոդուլով»,- նշեց Հայրապետյանը:
Կառավարությունն առաջարկեց հանել նախագծի 2-րդ հոդվածը, քանի որ մանկավարժական կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքը դեռ չի երաշխավորում, որ անձը պարտադիր հավաքելու է համապատասխան կրեդիտները, որը հիմք է տվյալ առարկայի մասնագիտական որակավորում ունեցող անձին ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար:
Հեղինակն ընդունեց Կառավարության առաջարկը:
Հարակից զեկուցողներ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունեցին նախաձեռնությունը:
Նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: