Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» («Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը և «Հայփոստը» կնքել են համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկի» վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը և «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։
Կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով․
-
ՏՏ արտադրատեսակների, վճարային ծառայությունների և տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ներդրման գործում «Սբեր»-ի և «Հաշվարկային լուծումների» փորձի ամփոփում և համակարգում, «Հայփոստի» հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակում․
-
«Հաշվարկային լուծումների» տեխնոլոգիաների և մշակած նախագծերի հիման վրա Երևանում երթևեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակի ներդրման նախագծի իրականացում․
-
տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ապահովման և Երևանում երթևեկության անկանխիկ վճարման շրջանակներում «Հայփոստին» «Սբեր»-ում գործածվող երթևեկության վճարման ժամանակակից սարքավորման փոխանցում և ներդրում․
-
բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ բիզնեսի և առևտրի, վճարահաշվարկային և այլ ֆինանսական ու բանկային ծառայությունների մասով համագործակցության այլ ոլորտների բացահայտում՝ ներգրավելով այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «СберТех»-ը և «СберЛогистика»-ն («Սբեր»-ի դուստր ընկերություններ), iNovation, HayPost Retail («Հայփոստի» դուստր ընկերություններ) և այլ դուստր ձեռնարկություններ։
Ինչպես նշում է «Սբերբանկի» վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Սույն համաձայնագիրն արտացոլում է Հայաստանում տրանսպորտային տոմսային լուծումների և հանրային տրանսպորտում երթևեկության վճարային ծառայությունների համատեղ զարգացման մեր նպատակաուղղվածությունը։ Մեր «Հաշվարկային լուծումներ», «СберТех» և «СберЛогистика» դուստր ընկերությունների տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների և հարուստ փորձի շնորհիվ մենք կարող ենք «Հայփոստին» առաջարկել համակարգային աջակցություն՝ նորարարական ՏՏ արտադրատեսակների ներդրման գործում»։
Ինչպես նշում է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Սբերբանկի»՝ տրանսպորտային միջոցներում գործածվող վճարային ՏՏ լուծումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը թե՛ Մոսկվայում, թե՛ Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում: Ես վստահ եմ, որ տրանսպորտային միջոցներում անհպում վճարման այս առաջատար տեխնոլոգիաների տեղայնացման շնորհիվ Հայփոստը կարող է արագ ապահովել այս նորարարության ներդրումը Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սա մեր առաջին համատեղ նախագիծն է, և լիահույս ենք, որ «Սբեր»-ն ու «Հայփոստը» կունենան երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն»։