Հունիսի 1-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց հանքարդյունաբերական երկու ընկերությունների ներգրավմամբ քրեական գործերի հարուցման մասին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նյութեր ու փաստաթղթեր են ստացվել, որով պարզվել է, որ Արարատի մարզի Շահումյան-Ռանչպար հատվածներում՝ Արաքս գետի ավազանում իրականացված չափագրումների արդյունքում «Ա...» ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունից շեղումներով ընկերությունը ավազի արդյունահանում է իրականացրել. «Թույլտվությամբ չնախատեսված տարածքում ընկերության կողմից հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 14,678 խմ ծավալով` 35 մլն դրամ արժեքով ավազի արդյունահանման արդյունքում ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս»,- հայտնել են դատախազությունից։
Գլխավոր դատախազության մատնանշած «Ա….» ընկերությունը «Ավազահատիկ» ՍՊԸ-ն է։ Այս ընկերության մասին համացանցում բազմաթիվ հրապարակումներ կան. 2008-2020 թվականներին ընկերության 75 տոկոսի բաժնետերն է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։ Հեղափոխությունից հետո իրավապահները սակայն հաղորդեցին, որ Աբրահամյանին ընկերությունում պատկանող բաժնեմասը անցել է պաշտոնեական դիրքի չարաշահման և խարդախության հետևանքով։ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։ Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս»- հայտնել էին Քննչական կոմիտեից։ Հենրիկ Աբրահամյանին այդ բաժնեմասն անցել էր Գևորգ Գևորգյանից, որը ՀԱԿ-ի անդամ է և «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանի եղբայրը։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ 2020-ին Գևորգ Գևորգյանը Աբրահամյանից հետ է վերադարձրել իր բաժնեմասը։
Գևորգ Գևորգյանը թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ չարեց՝ միայն ասաց, որ բաժնեմասը իրեն հետ է փոխանցվել 2020-ին, իսկ այժմ «Ավազահատիկն» արդյունահանում չի իրականացնում։
Դատախազության հաղորդագրության հաջորդ մասը վերաբերում է Թուխմանուկի ոսկու հանքավայրում արդյունահանման թույլտվությանը։ Այս տարվա մարտին «Ֆ...» ՍՊԸ-ն դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ոսկու հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու համար: Ընկերության կողմից ներկայացված նյութերում առկա են եղել էական անհամապատասխանություններ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ֆոնդային նյութերի հետ: Մասնավորապես, հանքավայրի հարավային տեղամասի շահագործման աշխատանքային նախագիծը կազմված է ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների համար, որին համապատասխան՝ ՍՊԸ-ն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող քարտեզագրական նյութեր՝ առանց դրանց վրա արտահայտված բացահանքի եզրագծերի՝ հաստատված նշված ՊՈԱԿ-ի ֆոնդային կնիքով: Մինչդեռ, ՊՈԱԿ-ի ֆոնդի քարտեզագրական նյութերում առկա են բացահանքի եզրագծեր»,- հայտարարել են դատախազությունից։
Թուխմանուկի ոսկու հանքավայրը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Մելիքգյուղի տարածքում։ Հաստատված պաշարները կազմում են 8007 կգ ոսկի, 44.7 հազար տոննա արծաթ։ Ոսկու հանքավայրը շահագործում էր «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն, որը կապված է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ, գործարար Վան Գրիգորյանի հետ։ Ուշագրավ է, որ հանքավայրի հարավային տեղամասը ևս շահագործում էր «Մեգո գոլդ»-ը, իսկ այս տարի արդյունահանման թույլտվություն հայցած ընկերությունը «Ֆերո Կասա Նուեվա գրուպ»-ի հայաստանյան ներկայացուցչությունն է։ Այս ընկերությունը գրանցված է Բարսելոնայում, հիմնվել է 2017-ին։
Ընկերության կապիտալը 1 մլն 207 հազար եվրո է, Իսպանիայում գործունեության ոլորտը կառուցապատումն է, անշարժ գույքի բիզնեսը։ Ըստ «Ֆերո կասա նուեվա գրուպ»-ի կայքի՝ ընկերությունը «բարձր որակավորում ունի անշարժ գույքի շուկայում, ընկերությունն ունի գնումների, գովազդի, կառավարման մասնագետներ», բացի այդ, ընկերությունը առաջարկում է լավագույն գնով բնակարաններ Բարսելոնայում և ըստ էության զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով։ Ընկերությունը փոխկապակցված է Շեքե Ֆերոյանի հետ։ Վերջինս գործարար է, Ռուսաստանի քաղաքացի և այնտեղ ունի մի քանի այլ ձեռնարկություններ։ Թուխմանուկի ոսկու հանքավայրում այս ընկերության կողմից արդյունահանման հարցին առաջիկայում «Լուրերն» ավելի մանրամասն կանդրադառնա։
Դատախազության կողմից հարուցված քրեական գործերի վարույթները փոխանցվել են Քննչական կոմիտեին։ Գործերը հարուցվել են հողը փչացնելու և ընդերքօգտագործման կանոնների խախտմամբ արդյունահանում իրականացնելու փաստերով։