Օր 1․ Ես վստահ եմ, որ մարդ իր տան մեջ երբևիցե չպիտի վախենա. Արցախը նորից ոտքի կկանգնի. Հայկ Ավանեսյան #Արցախիմարդիկ
Արցախ, Ստեփանակերտ, օր 2-րդ․ շարունակում եմ հանդիպել լավ մարդկանց ու զարմանում, որ այսքան դժվարություններ տեսածները կարող են վերջին ունեցածը հետդ կիսել, ցանկանալ օգնել՝ առանց ճանաչելու, անշահախնդիր։ Արցախի ընկերներիցս մեկը մի անգամ շատ ճիշտ նկատեց․ «Պատերազմի ընթացքում բարին շատ ավելի բարի է դառնում, իսկ չարը՝ ավելի չար․․․»
Այսօր Վաչեին եմ տեսնելու։ Գիտեմ միայն, որ Հայաստանից արդեն 6 ամիս է՝ տեղափոխվել է Արցախ, «Արցախցի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնության համահիմնադիրն է, ապրում է Սարուշենում, աշխատում Ստեփանակերտում։ Հանդիպման է գալիս անսպասելիորեն երիտասարդ տղա (Վաչեն 22 տարեկան է): Պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերությունում է աշխատել։ «Կոլեգաներ ենք,- անծանոթ, բայց հետաքրքիր մարդու հետ ընդհանրություն գտած՝ ուրախանում եմ։ - Բա ինչո՞ւ ամեն ինչ թողեցիր, եկար Արցախ»։
«Արդեն սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին օրվանից, մարդիկ էին գալիս Հայաստան Արցախի տարբեր բնակավայրերից, 4 ընկերներով իրենց տեղավորում էինք։ Հիմնականում գալիս էին Սարուշենից, Սարգսաշենից, Կարմիր Շուկայից, Ակնաղբյուրից, Թաղավարդից։ Հոկտեմբերի կեսերին արդեն օգնության համար չունեինք գումար։ Այդպես, որոշեցինք նախաձեռնություն հիմնել՝ «Արցախցի կանայք՝ Արցախի համար»։ Էկո պայուսակներ էինք արտադրում, առաջին օրը 3 աշխատող ունեինք, հինգերորդ օրն արդեն 30-ն էին․ 7000 պայուսակ ենք կարել ու արտահանել 9 երկիր»։
Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի տներից մեկը վերանորոգել են ու բացել կարի արտադրամաս։ Նախաձեռնության հիմնական նպատակը կանանց զբաղվածությունն ապահովելն էր։ Վաչեն ոգևորված ու փայլփլող աչքերով պատմում է Արցախի, նախաձեռնության, Սարուշենում բացված կրթական կենտրոնի ու կանանց խիզախության մասին, սակայն ոչինչ՝ իր մասին։
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյան
«Վաչե, իսկ դո՞ւ, քո մասին եմ ուզում խոսենք․ հիմա էստեղ ես․ Երևանում ի՞նչ ես թողել, ինչպե՞ս ու ինչո՞ւ ես հայտնվել Արցախում»,- շարունակում եմ պնդաճակատություն անել։
«Պատերազմի ավարտին ընկերներիցս մի քանիսը զոհվեցին, իմ կյանքն էլ փոխվեց։ Հստակ նպատակ ունեի՝ տեղափոխվել Արցախ․ այդ ժամանակ գաղափարը շատ պաթետիկ էր, չէի պատկերացնում լրջությունը․ Հայաստանում աշխատանք ունեի, կրթությունս արտերկրում շարունակելու միտք կար։ Բայց եկա Սարուշեն, չնայած ինձ ասում էին, որ վտանգավոր է, գյուղերի կարգավիճակը հայտնի չէր։ Հիմա Սարուշենը դարձել է սահմանապահ․ որտեղ ես մնում եմ, 200 մետրի վրա արդեն թշնամին է»։
Այսօր գյուղով անցնող ճանապարհը Արրբեջանի հետ ընդհանուր է․ «Ճանապարհը, որով ես գնում եմ գործի, զբոսնում եմ, թշնամու հետ ընդհանուր է, անընդհատ միջադեպեր են լինում»,- հանգիստ պատմում է Վաչեն, ասես ոչ մի արտառոց բան էլ չի եղել․ այստեղ պատերազմն ու հետպատերազմյան իրականությունը առօրեական են դարձել (ցավով մտածում եմ)։
Այգում, որտեղ հանդիպել ենք, հաճելի լռություն է ու արև․ թողնում եմ՝ Վաչեն ժողովի մտքերը։
«2020-ի դեկտեմբերին տեղափոխվեցի Սարուշեն․ ամենածանր օրն էր կյանքիս․ ուժեղ անձրև էր գալիս․ այդ օրը բոլորին ձայնային նամակներ էի ուղարկում, բացի ընտանիքիս անդամներից՝ դա շատ դժվար էր։ Ամեն օր 2 կմ քայլում էի, որ զանգեմ տուն, ասեմ՝ ամեն ինչ նորմալ է։ Ամենատխուր օրերից մեկը Նոր տարին էր, անընդհատ կրակոցներ էին լսվում»։
Քանի որ գյուղը սահմանապահ է, Վաչեի օրվա մեծ մասն անցնում է զինվորների հետ․ ջուր, ուտելիք է հասցնում, արտադրամասի կանանց հետ հավաքում են զինվորների հագուստը, լվանում, արդուկում։ Նաև դասավանդում է կրթական կենտրոնում․
«Կրթության լուրջ խնդիր կա․ երեխաների հետ ամենաէլեմենտար բաներից սկսել ենք սովորել։ Միշտ ասել եմ՝ Արցախն ապրելու է, բայց ես ուզում եմ, որ երեխաները մեծ աշխարհին պատրաստ լինեն․ գիտելիքն ամենաուժեղ զենքն է։
Հիմա նաև մտածում եմ երկհարկանի շարժական տուն ունենալ՝ վագոնների նման, անվճար։ Այն մարդկանց համար, ովքեր գալու են կրթական կենտրոնում դասավանդելու կամ զինվորներին տեսակցելու»։
Ծնողների հետ Արցախ տեղափոխվելու որոշման մասին գրեթե չի խոսում, ցավոտ թեմա է՝ ասում է։
«Ես Արցախ-Հայաստան չեմ բաժանում, ես ասում եմ՝ Հայրենիք․․․Երևան ամսվա մեջ մի անգամ եմ գնում կամ չեմ գնում։ Երևանում չեմ կարողանում։ Էստեղ կյանքը ռիթմից հետ է․ Հայաստանն ու Արցախը տարբեր իրականություններ են։ Ես գիտեմ, որ մի օր պիտի գամ Հայաստան, բայց այդ օրն այսօր չի։ Ես կմնամ այնքան, մինչև էլ տեղ չլինի մնալու»։
Վաչեի հետ որոշում ենք, որ ինձ կծանոթացնի իրեն հյուրընկալած ընտանիքի հետ։ Բայց շատերից քաղաքում լսել էի, որ վարորդները վախենում են Սարուշեն գնալ․ «Մեր տունը գյուղի ամենավերջին տունն է ու ամենամոտը՝ սահմանին։ Ընտանիքներ կան՝ վախենում են գալ մեր տան մոտ»։
ԱՀ ոստիկանության փոխանցմամբ՝ 2021-ի մարտի 25-ին Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել հայկական մեքենաներին։ Ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ, հասցրել նյութական վնասներ։
Վերջապես ընտրում ենք լավագույն տարբերակը՝ Վաչեն ինձ կտանի իրենց տուն, հետո կհասցնի Ստեփանակերտ։ Բակում վազվզում են մի խումբ երեխաներ, բայց ինձ տեսնելուց հետո քաշվում են անկյուն ու անթաքույց հետաքրքրասիրությամբ նայում տեսախցիկին։ Տան երեք քույրերը մեզ դիմավորում են քաղցրով ու թեյով։ Վաչեն նրանցից մեկին հորդորում է, որ իր պատմությունը պատմի։
«Ի՞նչ պատմեմ, սովորական պատմություն ա․ բոլորն էլ ունեն պատմություն»,- պայծառ ժպտալով շշնջում է Անահիտը։
Մինչ Անահիտը կտրամադրվի, հենց բակից նկարում եմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարևան գյուղերը՝ ամենաշատը 1 կմ հեռու։ Թվում է՝ ձայն տամ, դիմացի տներից կպատասխանեն։
«Ակնաղբյուրն ա,- հուշում է Անահիտը։ - Երկուշաբթի էդտեղ պիտի դպրոց գնայի՝ մաթեմատիկայի դասատու աշխատելու․․․ կիրակի պատերազմը սկսվեց, գյուղը մնաց իրանց»։
Պատերազմը սկսվելուց հետո լքել են գյուղը, տեղափոխվել Հայաստան՝ Օշական, վերադարձել են նոյեմբերի 28-ին։ Անահիտն ամուսնացած է, աշխատում է «Արցախցի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնությունում, առաջնեկին է սպասում, հարսանիքը հունվարի 30-ին են արել․ «Պատերազմից հետո առաջին ամուսնացողներն ենք եղել»,- ժպտում ու գլուխը ամոթխածորեն կախում է Անահիտը։ - Էստեղ ենք մնալու, բալիկս էստեղ կծնվի։ Ես չգիտեմ՝ վաղը ինչ կլինի, բայց քանի խաղաղ է, կմնանք», - Անահիտը հուզվում է, քույրը՝ Ռուզաննան, օգնության է հասնում։
«Վախը կա, բայց ո՞ւր գնանք։ Հորս ու տղայիս գերեզմանները թողե՞մ,- Ռուզաննան էլ է հուզվում, բոլորը լռում են։ - Ես մեր գյուղից դուրս չեմ գա, հողն ու ջուրը ձգում են, պատերազմի ժամանակ մտածում էի՝ նորից կտեսնե՞մ մեր գյուղը»։
Հարցեր տալ այլևս չեմ կարողանում, թեյ ենք խմում, հաջողություն եմ մաղթում բոլորին, ստիպում են ինձ խոսք տալ, որ հաջորդ անգամ Արցախ այցելելիս անպայման իրենց տանն եմ իջևանելու։ Վաչեի հետ վերադառնում ենք Ստեփանակերտ, ավտոմեքենայի պատուհանից նայում եմ մոտ, բայց արդեն հեռու գյուղերին։
«Հաճախ մարդիկ ուրիշ տեղերից գալիս են, մեր տնից հեռադիտակով նայում գյուղերին, իրենց տներին»,- Վաչեի ձայնը դողում է, երաժշտության ձայնը բարձրացնում է։