Հունիսի 3-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
Ռուստամ Բադասյանի խոսքով` նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա:
ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը հարակից զեկուցմամբ հորդորեց գործընկերներին՝ կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:
Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Նշվեց, որ կարգավորումները պայմանավորված են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի վերաբերյալ նախատեսված դեպքի օրենսդրական ձեւակերպման որոշակիացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է պետական և համայնքային հողամասերի ուղղակի վաճառքի դեպքում լրացուցիչ պայմաններ ստեղծել:
Սահմանվում է պետական գույքի ուղղակի վաճառքի նոր դեպք, եթե դա անհրաժեշտ է հանրության գերակա շահի ապահովման նպատակի իրագործման և օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար. պետական գույքը չօտարելու դեպքում այն կորցնելու է իր տնտեսական կամ գործառույթային այն նշանակությունը, որն ուներ մինչեւ սահմանակից սեփականության օտարումը:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել արդյունավետ կարգավորել պետական կամ համայնքային հողամասերի, ինչպես նաև պետական գույքի կառավարումը:
Քննարկված նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացան: