Հունիսի 3-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունը, նշեց, որ այն պայմանավորված է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերությանը գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռելու և պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ: Նշվեց, որ ներկայումս այն ընդգրկված է 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Ուստի առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից և պետական մասնակցությամբ բաժնետոմսերի կառավարումը հանձնել Առողջապահության նախարարությանը՝ ապահովելով ուռուցքաբանական ծառայության բարելավումը և շարունակական զարգացումը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը:
Նույն օրենքում մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությանը հնարավություն տալ իր գործունեության ուղղությունը փոխելու:
Կենտրոնը մատուցում է վնասվածքաբանական ծառայություններ՝ չզբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀՀ բուժհաստատությունների մեջ: Այն հանդիսանում է ստանդարտ կառուցվածքով բաժնետիրական ընկերություն, որում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման մակարդակը գնահատվում է ցածր: Բացի այդ, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ուղղությունը չի համարվում եզակի, քանի որ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքներ առկա են բոլոր բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում:
Կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության և անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Ուստի առաջարկվում է մասնավորեցման գործընթացի ավարտից հետո իր գործունեությունը ծավալել այլ ուղղություններով: