Թուրքիան համաձայնել է ստանձնել Քաբուլի միջազգային օդանավակայանի վերահսկողությունը՝ սեպտեմբերի սկզբին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի լիակատար դուրսբերումից հետո: Այս մասին տեղեկացնում է Ahval-ը:
Քաբուլի միջազգային օդանավակայանը դիտարկվում է որպես միջազգային հանրության մուտքի համար կարևորագույն կետ, քանի որ այն ձգտում է պահպանել դիվանագիտական ներկայությունն Աֆղանստանում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է:
Տեղացի պաշտոնյաների շրջանում մտահոգություն է առաջացել՝ կապված Աֆղանստանի կառավարության կողմից միջազգային օդանավակայանի գործունեության պատասխանատվությունը ստանձնելու կարողության հետ:
Այս ամսին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Թուրքիայի հետ 130 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքվել, թեպետ ժամանակացույցի և այլ մանրամասների վերաբերյալ քննարկումները դեռևս չեն ավարտվել:
Թուրք զինվորականները 2003-ից Աֆղաստանում ծառայում են ՆԱՏՕ-ի առաքելության ներքո, սակայն ներգրավված չեն մարտական գործողություններին: