Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո տարածել է հայտարարություն, որտեղ կողմերին հորդորում է վերսկսել բանակցությունները:
«Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար իրականացումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Եվրամիությունը պատրաստ է փորձագիտական աջակցություն տրամադրել սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ և աջակցել վստահության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրությունում: Միշելը կոչ է արել երկու կողմին՝ որպես անհետաձգելի անհրաժեշտություն գործակցել պահվող անձանց վերադարձի և տարածքների ականազերծման և մարդասիրական այլ կարևոր հարցերի առնչությամբ լիարժեք թափանցիկության ապահովման ուղղությամբ: Եվրամիությունը տրամադրում է մոտ 20 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կշարունակի աջակցությունը՝ ասվում է հաղորդագրության մեջ:
ՄԱԿՐՈՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԱԼԻԵՎԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից 6 ամիս հետո էլ ամուր խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է շարունակել մանրակրկիտ աշխատանքը, ինչը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով սահմանազատում և ռազմագերիների վերադարձ իրենց ընտանիքներ: «Կարևոր է նաև պահպանել տարածաշրջանի ժառանգության բազմազանությունը: Այս առումով խորհուրդ եմ տալիս նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպմանը»,- գրել է Մակրոնը:
ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԻՆ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի Էնդրյու Շոֆերի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: «Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց կողմից շարունակվող ջանքերին ու հանձնառությանը»,- ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌԱԿՈՂՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, կողմերը քննարկել են դեէսկալացիայի ուղիները: Հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները: «Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, որոնց ընթացքում նրանք քննարկեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը հանգուցալուծելու ուղիներ: Պայմանավորվեցին շարունակել աշխատանքային շփումները»,- ասել է Ինտերֆաքսի աղբյուրը: