2021-ի հունիսին նախատեսվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Մեծ Բրիտանիա, Բելգիա և Շվեյցարիա: Եվրոպա շրջագայության առաջին կանգառը Միացյալ Թագավորությունն է, որտեղ ԱՄՆ ղեկավարը կհանդիպի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ փոխանցում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Ջո Բայդենը կմասնակցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, որը նախանշված է հունիսի 11-13-ը: ԱՄՆ նախագահը հանդիպում կունենա նաև Մեծ Բրիտանիայի թագուհու հետ:
Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հունիսի 14-ին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Բայդենը կհաստատի Հյուսիսատլանտյան դաշինքին, անդրատլանտյան անվտանգությանն ու հավաքական պաշտպանությանն ԱՄՆ-ի նվիրվածությունը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ղեկավարները կքննարկեն Դաշինքի դեմ հետագա սպառնալիքներին դիմակայելու և ՆԱՏՕ-ի առջև ծառացած խնդիրներն արդյունավետ բաշխելու հարցերը:
Նախատեսվում է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:
Հունիսի 15-ին Բրյուսելում Բայդենը կմասնակցի նաև ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին: Օրակարգում կքննարկվեն համաշխարհային առողջապահության անվտանգությանը, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, կլիմայական փոփոխություններին, առևտրի և թվայնացման ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր:
Երրորդ կանգառը Շվեյցարիան է: Ժնևում հունիսի 16-ին նախանշված է Բայդեն-Պուտին հանդիպումը: