Հայաստանում երկրաջերմային էներգիայի արտադրության մեծ պոտենցիալ կա. երկրաբանները ապացուցել են ուսումնասիրությամբ: Առաջին օջախը հորատմամբ հայտնաբերել են մոտ 4 տարի առաջ: Սյունիքում՝ Քարքառ կոչվող տեղամասում:
Խաչատուր Մելիքսեթյան (ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն) - Անհրաժեշտություն կա Քարքառի նման այդպիսի մի քանի հեռանկարային տեղամասեր առանձնացնել, որպեսզի պոտենցիալ ներդրողները հետաքրքրված լինեն ներդրում կատարել:
Երկրաբանները Հայաստանի բոլոր հանքային ու ջերմահանքային ջրերը մանրակրկիտ ուսումնասիրել են, հետազոտությամբ էլ ապացուցել, որ դրանք կապված են ամբողջությամբ չսառած հրաբխային օջախների հետ: Այժմ մասնագետները, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի ֆինանսավորմամբ, ուսումնասիրությունների նոր փուլ են սկսում: Երկրաջերմային էներգիայի օջախներն արդեն քարտեզագրել են՝ Գեղամա լեռներից մինչև Ջավախքի լեռնաշղթա:
Խաչատուր Մելիքսեթյան - Մեր բոլոր հրաբխային բարձրավանդակները՝ գեղամա բարձրավանդակը, Վարդենիսի, Սյունիքի և Ջավախքի հրաբխային լեռնաշղթան, բոլորը հեռանկարային են, բացի դրանից՝ հեռանկարային է Հանքավանի Արզաքան տեղամասը, որտեղ կան տաք ջրեր, ընդերքի ջերմային հոսքի ցուցանիշները բարձր են:
Երկրաջերմային հնարավորությունները բացահայտելու համար կկիրառեն նոր մեթոդներ: Օրինակ՝ սեյսմիկ աղմուկների տոմոգրաֆիա: Այդպես կպարզեն այն տեղամասերը, որտեղ երկրագնդի ջերմային հոսքն առավելապես մոտենում է մակերեսին: Ուսումնասիրությունների արդյունքում Կառավարությանը կներկայացնեն երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու հարմար տեղանքները:
Արա Միրիջանյան (ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ) - Երկրաջերմային էներգետիկան վերականգնվող էներգետիկ միակ աղբուրն է, որը կարող է ծառայել երաշխավորված հզորության աղբյուր:
Հաշվի առնելով, որ Արցախյան պատերազմի ընթաքում մի շարք հիդրոէլեկտրոկայաններ կորցրինք, ներկայումս Հայաստանի էներգիայի արտադրության մեծ մասը ստացվում է ներմուծված գազից և միջուկային վառելիքից, մասնագետները կարծում են՝ երկրաջերմային էներգիայի հնարավորություններն օգտագործելով՝ որոշ չափով կլուծվի էներգետիկ անվտանգության հարցը: