Կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարն իրավապահ մարմինների առաջնահերթություններից է՝ հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդականը:
2018-2019 թվականներին քննված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը՝ 190.7 միլիարդ դրամը, ավելի քան 5.2 անգամ գերազանցում է 2009-2017 թվականներին:
Գոռ Աբրահամյան, ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական - Իրավապահ մարմինների հետ գործակցությամբ իրականացվում են բավականին ծավալուն աշխատանքներ: Վերջին շրջանում դրա հիմնական գրավականներից մեկը նա է եղել, որ մեր հանրությունը շատ լայն աջակցություն է ցուցաբերել իրեն հայտնի տեղեկությունները կոռուպցիոն երևույթի, հանցավոր դրսևորումների վերաբերյալ:
Հիմքերի առկայության պայմաններում հարուցվում են համապատասխան վարույթներ:
2018 թվականին հանցագործությունների դեպքերով հարուցված քրգործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը եղել է շուրջ 85 միլիարդ դրամ: 2019-ին պատճառված վնասի չափը եղել է 105 միլիարդ դրամ: 2020-ին քննված գործերով պետությանը, համայնքներին պատճառված վնասը կազմել է շուրջ 227 միլիարդ դրամ:
Դատախազի խորհրդականի խոսքով՝ նույն տրամաբանությամբ նաև աճ է արձանագրվում վերականգնված վնասների առումով: Օրինակ՝ նախորդ տարի քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 14.միլիարդ դրամ:
Գոռ Աբրահամյան - Վերջին շրջանում հատկապես մեծ ուշադրություն է դարձվում նաև բացահայտված վնասների վերականգնման նպատակով համապատասխան արգելանքի միջոցների կիրառման ուղղությամբ, որպեսզի հետագայում այդ հանցագործությունները դատարաններում համապատասխան մեղադրական դատավճիռների կայացման դեպքում հնարավոր լինի նաև դրանցով վերականգնում ապահովել:
Եթե նախկինում կոռուպցիոն հանցակազմերն առանձնացվել էին Գլխավոր դատախազի համապատասխան հրամանով, ներկայում այդ ցանկը հաստատվում է օրենքով. առանձնացվել են կոնկրետ կոռուպցիոն հանցակազմերը:
2019-ից հաստատված հակակոռուպցիոն ռազմավարարության արդյունավետ իրագործմանը նպաստում են նաև օրենսդրական բարեփոխումները, նոր գործիքակազմերի ներդրումը՝ հայտնում են արդարադատության նախարարությունից:
Մարիամ Գալստյան, ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետ - Օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարողանում է ինքնուրույն հայտարարագրեր ստուգել և վերլուծություն ներկայացնել իրավապահներին: Իրավապահներն էլ, իրենց հերթին, կարողանում են այդ բոլոր տվյալները վերլուծել և բաց տվյալների, փակ տվյալների համադրմամբ գալիս են այն եզրահանգման, որը թույլ է տալիս քրեական գործեր հարուցել:
2020 թվականի ընթացքում հայտարարագրման համակարգում ուսումնասիրվել է մոտ 640 հայտարարագիր, 2021-ին՝ 680, 2020-ին, օրինակ, վարչական տույժ է կիրառվել մոտ 60 հայտարարատուի նկատմամբ, դատախազություն ուղարկվել 1 գործ, 2021-ին՝ 3 գործ:
Արամայիս Փաշինյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ - Նախկինում պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները պաշտոնի ստանձման և պաշտոնի դադարեցման հայտարարագրեր չէին ներկայացնում, ինչի արդյունքում հնարավոր չէր լիակատար ուսումնասիրել հայտարարագրերը կամ, օրինակ, ընտանիքի անդամները չէին ներկայացնում դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:
Հանձնաժողովին, ի թիվս այլ գործառույթների, հայտարարագրման առումով հասանելի են, օրինակ, հարկային և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, որոնք ավելի արդյունավետ են դարձնում պաշտոնատար անձանց գույքային դրության ուսումնասիրությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգում լուրջ գործիքակազմ կունենա նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, որը կգործի հոկտեմբերից՝ հայտնում են նախարարությունից:
Մարիամ Գալստյան - Հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիոն հանցագործություններով նախաքննություն է իրականացնելու, մինչդատական քրեական վարույթն է կազմակերպելու և իրականացնելու է, և նաև կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ հետախուզական գործունեություն է իրականացնելու:
Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար 2022-ին էլ նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: