ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Կառավարության այսօրվա որոշմանը, որի արդյունքում կավելանա դատավորների թվակազմն ու հնարավորություն կստեղծվի լուծելու դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները:
«Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենսդրական մի փաթեթի, որի համաձայն Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը կավելանա երեք դատավորով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը՝ երեքով, իսկ Սնանկության դատարանի դատավորների թվակազմը՝ չորս դատավորով։
Նշեմ, որ բյուջետային ֆինանսավորմամբ նախատեսված է ևս վեց հաստիքի ավելացում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործեր քննող դատավորների համար։
Իսկ Սահմանադրական դատարանում գտնվող օրենսդրական երկու փաթեթներով նախատեսվում էր ևս 38 հաստիքով ավելացնել դատավորների թվաքակազմը, ինչն էականորեն կբեռնաթափեր քրեական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև նոր գործիքակազմով թույլ կտար ձևավորել նոր մասնագիտացում ունեցող դատավորներ և դատարան, որով կբարձրացնենք հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Արդյունքում կունենանք բարեվարքության պահանջներին համապատասխանող դատավորներ և կոռուպցիոն ու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող ոլորտներում արագ և օբյեկտիվ քննության գործիքակազմ։
Լայն ծավալով շարունակվում է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքակազմի ներդրումը, որն էլ ավելի հասանելի կդարձնի դատական համակարգը քաղաքացիների և իրավաբանական անձանց համար, կնպաստի թափանցիկության բարձրացմանը»,- գրել է նախարարի պաշտոնակատարը Ֆեյսբուքի իր էջում։