Ես ներողություն եմ խնդրել, և դրանից հետո նաև որոշակի գործողություններ են իրականացվել: Միայն ներողությունը չէ, և այո՛, կոնկրետ անձինք, և այս մասնավոր դեպքի հետ կապված, աշխատանքից ազատվել են, ոմանք ստացել են խիստ նկատողություն: Հարուցվել է քրեական գործ, կպարզվեն հանգամանքները: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպին:
Ավանեսյանի խոսքով՝ ինքը, որպես առողջապահական ոլորտի պատասխանատու, անմիջապես արձագանքել է կատարվածին:
«Նորից եմ կրկնում. այո, ներողություն եմ խնդրել և ասել եմ՝ բոլոր այն անձինք, որոնք պատասխանատու են տվյալ կոնկրետ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Լրագրողների հարցին՝ չի՞ պատրաստվում արդյոք հրաժարական ներկայացնել, Ավանեսյանը նշեց՝ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում:
«Նորից եմ կրկնում՝ ընթանում է քննություն, քննությունը կպարզի այլ հանգամանքներ, ըստ այդմ կլինեն պատասխանատվության այլ դեպքեր»,- նշեց Ավանեսյանը: