Գործադիրը հավանություն տվեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Սնանկության դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը: Նախագծերի փաթեթով կապահովվի քաղաքացիների և իրավաբանական անձանց համար ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հետ կապված խնդիրների հաղթահարումը. Կառավարության նիստում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայումս գործում է 5 դատական կազմ՝ ընդհանուր 15 դատավորի թվակազմով:
«2019-ի ընթացքում քննվել է 7168 գործ, 2020-ին՝ 7207 գործ: Վերաքննիչ վարչական դատարանում 3 կազմ է գործում՝ 9 դատավորի թվակազմով և դատարանի նախագահով: 2019-ին քննվել է 6785 գործ, 2020-ին՝ 6317 գործ: Սնանկության դատարանը գործում է 12 դատավորի թվակազմով»,- ասաց Բադասյանը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նաև ներկայացրեց, որ Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ 2010-2018 թվականների ընթացքում 100 հազար բնակչին Հայաստանում հասնում է միայն 8 դատավոր, մինչդեռ միջինում ընդունելի չափանիշը կազմում է 17.7 դատավոր:
«Այս նախագծերով առաջարկում ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ավելացնել 1 կազմ՝ 3 դատավոր, Վարչական վերաքննիչ դատարանում կրկին 1 կազմ՝ 3 դատավոր, Սնանկության դատարանում՝ 4 դատավոր: Բյուջետային ֆինանսավորմամբ նախատեսված է ևս 6 հաստիքի ավելացում Առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործեր քննող դատավորների համար, և Բարձրագույն դատական խորհուրդը հիմա աշխատանքային պայմանների ապահովման խնդրով է զբաղվում»,- ասաց Բադասյանը: