Մոտ 2 կմ է բաժանում Սյունիքի շիկահողցիներին թշնամուց: Գյուղում, ասում են, հիմա հանգիստ է, բայց լուծելու խնդիրները շատ են. ջուրը չի հերիքում, գազ չունեն, գյուղն էլ ծերանում է՝ պատմում են հարևաններով: Որպեսզի գյուղացիները հետ գան ու Շիկահողի շեկ հողերում բերք ցանեն, Կառավարությունը Սյունիք է բերել 70 մոտոբլոկ ու 20 խոտհնձիչ՝ գյուղացիներին անհատույց տրամադրելու համար, պայմանով՝ ստացած տեխնիկայով կօգնեն մշակել տարեց հարևանների հողերը:
Սամվել Աղաբեկյան (Շիկահող գյուղի բնակիչ) - Եթե հասնի էլ, չեմ վերցնի: Նենց չի, էլի, որ անվճար բան է տվել. էն, ինչ ուզի անի, կամ փչացել է՝ քցի աղբանոց: Ով որ վերցնում է, պիտի պատասխանատվության զգացում ունենա, բայց էդ փող է, չէ՞, միլիոն ու կես փող են տվել քեզ:
Ծրագիրը շարունակական է. ևս 5 գյուղ կտանեն, իսկ Շիկահողում 12 մոտոբլոկն ու 2 խոտհնձիչը կօգնեն, որ 25 հա տնամերձ այգիները մշակեն: Կկենտրոնանան նաև կարտոֆիլի մշակման վրա:
Եվ մինչև մասնագետը բացատրում է՝ ինչպես ճիշտ օգտագործել մոտոբլոկներն ու խոտհնձիչները, շիկահողցիների ու մարզի խնդիրների քննարկումը Կառավարության՝ Սյունիքի հարցերի միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին է: Օրակարգում անվտանգության հարցերից մինչև նոր տեխնիկայի արդյունավետությունն է:
Նարե Ղազարյան (Շիկահող գյուղի վարչական ղեկավար) - Ունենք փայտի խնդիր: Մեզ տարեկան հասնում է 8 խորանարդ մետր փայտ, դե էդ առումով եթե կարողանան աջակցել:
Ռոբերտ Ղուկասյան (ՀՀ վարչապետի խորհրդական) - Գոնե այսօր ֆիքսում ենք, որ պատկերացնում ենք Սյունիքի մարզի գյուղատնտեսական ապագան: Կարծում ենք՝ մինչև 1000 միավոր կտրամադրեն, մինչև բերքը կվաճառվի:
Գյուղացու բերքը վաճառելու համար նաև շրջում են Սյունիքի հայտնի պահածոների արտադրամասում, պայմանավորվում՝ գյուղացուն ավելի շատ ոգևորեն, որ իմանա՝ բերքը վաճառելու տեղ կա՛:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Զուգահեռ մեկ այլ ծրագրով 270 մլն դրամ արժողությամբ վերամշակող սարքավորումներ են մատակարարվում Մեղրու 13 համայնքում:
Իսկ 160 բնակչով Շիկոհողում շուտով կգործի նաև կարի արտադրամաս: