Նոր ցուցանակով Խոսրովի անտառ պետական արգելոցում մեկնարկում է էկոտուրիզմի նոր ծրագիրը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով: Արգելոց մուտքն այսուհետև պարտադիր տոմսով է՝ վճարել հնարավոր է տերմինալով կամ օնլայն հարթակով: Բնության հատուկ պահպանվող տարածքներում մարդու ապօրինի մուտքը բացառելու համար այցելուների կենտրոնում գիտաշխատողները կստուգեն տոմսի առկայությունը, կծանոթացնեն բուսական և կենդանական աշխարհի հետ, կպարզեն երթուղին, հետո էկոտեսուչի ուղեկցությամբ կսկսվի արշավը:
Արգելոցի մուտքը տոմսով դարձնելով՝ Շրջակա միջավայրի նախարարությունը կբացառի ստվերային շրջանառությունը: Գումարներն ամբողջությամբ ուղղվելու են գիտական բաղադրիչի զարգացմանը, արգելոցի վերազինմանը, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Այցելուների համար մշակվել է ինը հիմնական երթուղի, որն ամբողջությամբ ապահովում է արգելոցի 24 հազար հեկտար տարածքի շրջայցը:
Ռոմանոս Պետրոսյան, Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար - Մեր ուսումնասիրությունները մինչև պատերազմ ցույց էին տվել, որ բավականին անհետևողական վարքագիծ ունենք այս տարածքում, այս կարևորագույն ռազմավարական արգելոցում:
Վերջին երեք ամսում արգելոց մուտք են գործել միայն գիտահետազոտական խմբեր, նաև հոգևորականներ՝ տարածքի վանական համալիրներում պատարագ մատուցելու համար: Զբոսավարները խմբերին արգելոց բերելու համար նախապես պետք է հայտ լրացնեն, նախարարությունը կուսումնասիրի, տարվա կտրվածքով կտրամադրի սահմանափակ քվոտաներ:
Ռոմանոս Պետրոսյան - Շատ հնարավոր է՝ տուրիստական տարբեր ընկերություններ ավելի մեծ թվով հայտ ներկայացնեն, քան կստանան թույլտվություն: Ես խնդրելու եմ իրենց, որպեսզի ըմբռնումով մոտենան այդ սահմանափակումներին:
Մուտքի ռեժիմը փոխելով՝ նախարարությունն իրատեսական է համարում պահպանել պատմական հուշարձանները, նաև այն հատվածները, որտեղ առկա են հատուկ կենդանատեսակներ: Երկար ժամանակ է Խոսրովի քարտեզագրման հարցը բարձրացվում է, բայց դեռ լուծում չկա: Պատճառը ֆինանասական միջոցներն են, հիմա գույքագրում են՝ պարզելու, թե որքան գումար է անհրաժեշտ:
Վերջին մեկ տարում արգելոցում որսագողեր, գանձագողեր եղել են: Նրանց մուտքը բացառելու համար առաջիկայում Խոսրովը կունենա նաև գիշերային տեսանելիության անօդաչուներ՝ վերևից տարածքը վերահսկելու համար: