Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը ԱՄՆ պետքարտուղարության և Սպիտակ տան օրակարգում է: Ամերիկացի քաղաքագետ Իեն Բրեմերը կարծում է, որ այս հարցում հնարավոր է հետագա առաջխաղացում: Եթե Ադրբեջանը հրաժարվի ազատ արձակել հայ ռազմագերիներին, Միացյալ Նահանգները կորդեգրի ավելի կոշտ դիրքորոշում՝ ընդհուպ սահմանելով դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ:
Իեն Բրեմեր («Եվրասիա խումբ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ, քաղաքագետ) - Կարծում եմ՝ ԱՄՆ-ը ոչ միայն պատրաստակամ է պարզապես կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել այնտեղ պահվող անձանց, այլև գործադրել ճնշումներ` արդյունքի հասնելու համար:
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի վերաբերյալ, որին պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է՝ կոչ անելով Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի տարածքից, Բրեմերը նշեց, որ հարցը ևս կարևոր է, սակայն առաջնահերթություն չէ Ամերիկայի համար: Նրա խոսքով՝ թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համախագահ երկրներն են հանձն առել ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ, այնուամենայնիվ, միայն Ռուսաստանն է իր համար այն առաջնահերթ դարձրել:
Իեն Բրեմեր - Պարզ է, որ ամենակարևոր երկիրը, որն ակտիվորեն ներգրավված է ներկա առճակատմանը լուծում տալու գործին, Ռուսաստանն է, ոչ Միացյալ Նահանգները:
Հունիսի 16-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կկայանա Ամերիկայի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իեն Բրեմերը վստահ է, որ նախագահները առաջ կքաշեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը՝ այն ներառելով քննարկվող հարցերի թոփ տասնյակում:
Հեղինակ՝ Սյուզի Մուրադյան