Առաջին ընթերցմամբ հունիսի 3-ին խորհրդարանում քննարկված ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է կարգավորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները, օգնել մարդկանց երեխա ունենալու հարցում, կանխարգելել անպտուղ միայնակ անձանց սոցիալական մեկուսացումն ու բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նախագիծը երկար ժամանակ քննարկվել է տարբեր շահագրգիռ կազմակերպություններում, հաշվի է առնվել միջազգային փորձը:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախագիծը աշխատանքային կարգով քննարկվել է հանձաժողովում: Նա առաջարկեց օրինագծում առկա «հայկական ծագում» եզրույթը փոխարինել «ազգությամբ հայ» եզրույթով, ինչն Անահիտ Ավանեսյանն ընդունեց: