Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պարզաբանումներ ներկայացրեց Աբովյանի Դատաբժշկական, գիտագործնական կենտրոնում զոհված զինծառայողների մարմինները պահելու պայմանների վերաբերյալ: Ավանեսյանը խոսեց դատաբժշկական ոլորտում 2018-ից իրականացված փոփոխություններից՝ ներկայացնելով ոլորտի նկատմամբ պետության վերաբերմունքը:
Մինչև 2018 թվականը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Դատաբժշկական, գիտագործնական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը, մարզերում մասնաճյուղեր չեն եղել: Ծառայությունն իրականացվել է բժշկական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում՝ հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:
«Դատաբժշկական ծառայությունն ունեցել է Երևանում 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ: 2018 թվականից հետո մշակվել և կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական, անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը: Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր: 2018-ին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով: 2020-ին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը և կառուցվել է սառնարանային նոր բլոկ: Հիմա ընթանում է երկրորդի կառուցումը: 2020-ին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ: Հիմա էլ լրացուցիչ սառնարանային նոր մաս է կառուցվում: 2020-ին Գորիսում ևս տեղադրվել է սառնարանային բլոկ: 2021-ին վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Այժմ էլ նախագծվել և ընթանում է Սևան քաղաքի մասնաճյուղի ամբողջական վերակառուցման ծրագիրը: 2018-ից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել: 2018-ին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատրը, 2020-ին երկրորդ ամբողջական հոսքագիծը: Մասնագետների մշտական աշխատավարձային ֆոնդը 25 տոկոսով աճել է, ուժեղացվել է գիտագործնական բաղադրիչը»,- ասաց Ավանեսյանը:
Ավանեսյանը նաև հայտնեց, որ ոլորտին 2017-ին հատկացված ընդհանուր բյուջեն կազմել է 389 միլիոն, 2018-ի առաջին ամիսներին կրճատվել է 24 միլիոն դրամով, 2019-ին դարձել է 481 միլիոն դրամ, 2020-ին՝ 594 միլիոն:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ համակարգի բյուջեն 2019-ին 2018-ի համեմատ ավելացել է 117 միլիոն դրամով, 2020-ին 2018-ի համեմատ 63 տոկոսով ավելացել է: Շեշտեց՝ թե ինչու է նման փոփոխությունների արդյունքում եղել այդ տեսարանը, քանի որ փոխում են համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ. կարևորը մտածողության խնդիրն է:
«Առաջին սեկվենատրը, որով արվում են ԴՆԹ հետազոտությունները. 2018-ից առաջ ՀՀ-ում այդպիսի սարք գոյություն չի ունեցել: Այսինքն՝ սա է ցույց տալիս Կառավարության վերաբերմունքը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ միջադեպի հետ առնչություն ունեցող անմիջական բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից:
Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտնեց, որ այս պահին մարմինների ԴՆԹ հետազոտման նույնականացման աշխատանքը, ըստ էության, եզրափակիչ փուլին է հասել: Կան մարմիններ, որ չեն նույնականացվել, կամ կան անհետ կորածների հարազատներ, ովքեր ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով:
«Ունենք նույնականացված մարմիններ, որոնք տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել. կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, և մենք պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք մեր միջազգային գործընկերոներին, որոնք ավելի փորձառու են այս ոլորտում»,- ասաց Փաշինյանը:
Քննչական կոմիտեի նախագահն էլ ներկայացրեց, որ ԱՆ դատաբժշկական գիտագործխանական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրգործ ՔՕ երկու հոդվածով: Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը, և կտրվեն իրավական գնահատականներ: