ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Նախորդ օրը շատ ծանր տեսարանի ականատես եղանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց ներկայացնել 2018-ից հետո ոլորտի փոփոխությունները: Մինչև 2018-ը Դատաբժշկական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ մաշված սառնարանային կարողություններով, մարզերում չեն եղել մասնաճյուղեր, ասաց Անահիտ Ավանեսյանը:
ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՈԼՈՐՏԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Ծառայությունն իրականացվել է բժշկական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում:
Մեծամորը, Աբովյանը, Գյումրին,Վանաձորը, Եղեգնաձորը, Սևանն ու Գորիսն արդեն ունեն մասնաճյուղեր: 2018-ին նորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, սառնարանները համալրվել են լաբորատոր սարքերով: Անցած տարի նորոգվել է Մեծամորինը, կառուցվել է սառնարանային նոր բլոկ, 2-րդն ընթացքի մեջ է:
Անահիտ Ավանեսյան - Դատաբժշկական ծառայությունը Երևանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի 200 տեղ:
Սկանդալային կադրերն Աբովյանի մասնաճյուղից էին, որն անցած տարի նորոգվել է, տեղադրվել են կասետային սառնարաններ, հիմա նորն են ստեղծում: 2018-ից առաջ, ըստ Ավանեսյանի, գենետիկական հետազոտության սարք չկար: 1-ին սեկվենատրը գնվել է 18-ին, 2-րդը՝ պատերազմից հետո: Բյուջեն 2020-ին 2018-ի համեմատ աճել է 230 մլն դրամով:
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ Է. ՓԱՇԻՆՅԱՆ
Նիկոլ Փաշինյան - Հիմա ինչո՞ւ ենք այս փոփոխությունների արդյունքում ունեցել այն տեսարանը, որն ունենք: Որովհետեւ մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան հեշտ գործ չէ: Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է: ՀՀ-ում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորորություն չի եղել, Հայաստանում նման համակարգ չի եղել, սկսել ենք համակարգի հիմնադրումը: Սա է ցույց տալիս Կառավարության վերաբերմունքը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց համակարգերում բարեփոխումների կադրային կրճատումների դեպքում բողոքի ակցիաների մասին:
Նիկոլ Փաշինյան - Երբ հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի: Այդ առողջապահական հիմնարկի աշխատողները, կներեք արտահայտությանս, չստիկներով դուրս էին եկել փողոց, հետո այդ նույն չստիկներով մտան ներս՝ հիվանդանոց, շարունակելու իրենց աշխատանքը առողջապահության ոլորտում: Սա կրթական, էթիկական պարզ խնդիր է:
Դատաբժշկական կենտրոնի շատ աշխատակիցներ աշխատել են 24 ժամ, շաբաթը 7 օր՝ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլում է: 50 մասունքի փորձաքննության համար դիմել են միջազգային գործընկերներին:
Նիկոլ Փաշինյան - Եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, և իրենք իրենց նախաձեռնությամբ տարել են արտերկիր, և 99.9 տոկոսով պատասխանները համընկել են ու եղել են նույնը: Անհետ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպում եմ: Նախորդ օրը՝ մեր վերջին հանդիպման ժամանակ, խոսվեց դեպքի մասին, որը դեռ ընթացքի մեջ է: Հույս ունեմ, որ վերջնական արդյունքները նույնպես կհաստատեն հայաստանյան լաբորատորիաների տվյալների ճշգրտությունը:
Աբովյանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
2021-Ի ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ՊԵԿ նախագահը ներկայացրեց 2021-ի բյուջեի եկամուտների հավաքման տվյալները: Այս տարվա առաջին 5 ամսում դրանք կազմել են 618.4 մլրդ դրամ, հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները՝ 68.6 մլրդ դրամ:
Էդվարդ Հովհաննիսյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Ցուցանիշները դրական տարբերություն ունեն և՛ 2020, և՛ 2019 թվականի տվյալների համեմատ: 618.4 մլրդ հավաքված եկամուտները 47.2 միլիարդով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից և 34.8 մլրդ դրամով ավելի՝ 2020 թվականի համադրելի տվյալներից:
2019-ի արդյունքով հարկային եկամուտների մոտ 40 տոկոս աճ էր արձանագրվել. հիմա 2019-ի համեմատ աճը 8.3 տոկոս է: 2021-ին վերադարձված 68,6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019-ի ցուցանիշից, 15 մլրդով ավելի է 2020-ին վերադարձված գումարներից:
Նիկոլ Փաշինյան - Կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք հարկային հավաքումների այսպիսի առաջանցիկ աճ ապահովում ենք՝ բիզնեսին և քաղաքացիներին վերադարձվելիք գումարն ամբողջությամբ վերադարձնելով: Կառավարությունը շարունակում է բիզնեսի և հանրության նկատմամբ պարտքերը զրոյացնելու քաղաքականությունը:
ՀԱՍՏԱՏՎԵՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Գործադիրը 6 ամսով արգելեց խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, այլ չմշակված կաշվի արտահանումը: Գործադիրը հաստատեց ինտենսիվ այգեգործության զարգացման, պետական աջակցության 2022-2023 ծրագիրը: Ակնկալվում է՝ արտադրվող պտղի և հատապտղի ծավալները տարեկան կավելանա մոտ 11, 5 հազար տոննայով։
Ավագ Ավանեսյան (ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար) - Տարեկան հիմնել 500 հա ինտենսիվ այգի, որի համար ներդրումների միջին չափը գնահատվում է շուրջ 15 մլրդ դրամ (1 հա այգեհիմնման ծախսը կարկտապաշտպան ցանցով միջինը կազմում է 29,8 մլն դրամ)։
Ռուստամ Բադասյանն էլ ներկայացրեց արդարադատության ոլորտի բարեփոխումը. Վերաքննիչ քաղաքացիական, Վարչական վերաքննիչ և Սնանկության դատարաններում դատավորների 10 հաստիք կավելանա: