Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի բողոքը՝ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ: Որոշումը հրապարակվել է մայիսի 31-ին: Դատարանը նախաքննական մարմնին պարտավորեցրել է վերացնել Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը: Բողոքի հիմքում, ըստ էության, ընկած էր Վարդազարյանի՝ իբրև դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելը։
Աշոտ Ժամկոչյան (ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ) - Դատախազությունը գտել է, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման համար անհրաժեշտ չէ ԲԴԽ որոշումը: Ըստ Սահմանադրության և Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի՝ երբ դատավորի կողմից կատարվել է առերևույթ հանցավոր արարք, որը կապված չէ իր լիազորությունների իրականացման հետ, ԲԴԽ-ն պարզապես իրազեկվում է, իսկ եթե կապված է լիազորությունների հետ, ապա այս դեպքում ԲԴԽ խորհրդի համաձայնության անհրաժեշտություն է լինում:
Բողոքաբեր կողմը, սակայն, այլ կարծիք ունի, քանի որ Վարդազարյանը որպես դատավոր ունի անձեռնմխելիություն և ԲԴԽ դիմելը պարտադիր է:
Հովհաննես Խուդոյան (Ռուբեն Վարդազարյանի պաշտպան) - Հենց վեճը նրանում է, որ մենք համոզված ենք, որ վերաբերում է լիազորություններին: Դատախազությունը գտնում է, որ էդպես չի, ու ինքը էդ ռիսկը կրողն է: Եթե սխալ թույլ տվեց նման որոշում ընդունելիս, նման որոշման ռիսկերը պետք է ինքը կրի, հիմա, փաստորեն, դեռ ակտը չեմ ստացել, բայց կարող եմ ենթադրել, որ դատարանը հաստատել է, որ մեղադրանքը վերաբերում է լիազորություններին:
Ըստ դատախազ Ժամկոչյանի, մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ: Վճռաբեկ դատարանն այս հարցում նախադեպային որոշումներ ունի: Դատարանը, սակայն, այլ կարծիք է ունեցել և բողոքարկման հայցն ընդունել է վարույթ: Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Դատախազի պնդմամբ՝ հենց նույն հոդվածով ժամանակին Ռուբեն Վարդազարյանը իր գործը քննող դատավորի՝ Դավիթ Հարությունյանի նկատմամբ որոշում է կայացրել, որով ամրագրվել էր, որ չկա անձեռնմխելիության հարց և ԲԴԽ դիմելը պարտադիր չէ:
Աշոտ Ժամկոչյան - Սա հատկանշական է նրանով, որ հենց Ռուբեն Վարդազարյանն էր այս որոշումը կայացրել, այսինքն՝ ինքը երբ հանդես է եկել որպես դատարան, գտել է, որ մեկ այլ դատավորի, տվյալ դեպքում Դավիթ Հարությունյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտություն չկա, և հենց այդ պայմաններում կայացրել է որոշում: Քանի որ կա նման որոշում, նրանք դարձել են դատավարական հակադիր կողմեր:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ դատախազը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, համարելով, որ Դավիթ Հարությունյանը չի կարող գործը անաչառ քննել, սակայն այս միջնորդությունը ևս մերժվել է: Դատախազը մեկ այլ պնդում է ներկայացնում՝ Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու որոշումը կայացրել է ԲԴԽ-ն, ինչը նշանակում է, որ բարձր դատարանը ևս անձեռնմխելիության հաղթահարման հարց չկա:
Աշոտ Ժամկոչյան - Այլապես հենց էդ հիմքով կարող էր չկասեցնել, կամ պահանջել լրացուցիչ նյութեր և ասել՝ գիտեք ինչ, այսինքն՝ դուք չեք հաղթահարել, հարուցել եք քրեական գործ, հետևաբար սա ոչ իրավաչափ հետապնդման հարուցում է, և սրա հիմքով իրավասու չենք կասեցնելու Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները:
Հովհաննես Խուդոյան - Էս պարագայում, քանի որ անձեռնմխելիության հաղթահարմանն է վերաբերում, սա ընդհանրապես ենթադրում է քրեական գործի կարճում, քանի որ մեղադրանքն ապօրինի է, և պետք է վերացնել նաև քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Ո՛չ պաշտպանները, ո՛չ էլ դատախազը դեռ չեն ստացել դատարանի որոշումը: Միայն որոշումը ուսումնասիրելուց, դատարանի պատճառաբանություններն ու հիմնավորումները տեսնելուց հետո դատախազությունը դիրքորոշում կհայտնի՝ դիմո՞ւմ է Վերաքննիչ, թե՞ ոչ: